211652_close_icon
views-count55663 դիտում article-date 11:02 15-11-2020

Բաքվի ու Մոսկվայի միջև երկարարժամկետում հնարավոր է լարվածություն խաղաղապահների պատճառով. վերլուծաբան

Ռուսական խաղաղապահների տեղակայումը խաղաղություն հաստատեց ԼՂ-ում, սակայն բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5661915.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ռուսական խաղաղապահ ուժերը մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ՝ զորքեր տեղակայելով ԼՂ տարբեր հատվածներում և հակամարտող կողմերի միջև շփման գծում: Նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության իրականացման գործընթացը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում: Կրեմլի հաղորդման համաձայն՝ գոհունակությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում հաստատված անդորրը: Կրեմլը տեղեկացրել է նաև, որ նախագահ Ալիևի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջինիս ուշադրություն է հրավիրելհամաձայնագրով Ադրբեջանին հանձնվող տարածքներում քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի առկայության փաստի վրա՝ ընդգծելով այդ սրբատեղիների պահպանման և դրանց բնականոն կյանքի ապահովման կարևորությունը: Բաքուն, ըստ Կրեմլի, ցուցաբերել է խնդրի ընկալում՝ խոստանալով գործել այդ տրամաբանությամբ: Վերլուծաբան Ռիչարդ Վեյցը ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը որակում է Մոսկվայի կարճաժամկետ հաղթանակ, որը սակայն իր մեջ պարունակում է Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի լարվածության առաջացման վտանգ երկարաժամկետում: ՛՛Այս քայլը խթանում է Ռուսաստանի ազդեցությունը կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետում առկա են երկու զգուշավոր գործոններ: Առաջինը՝ ռուսական կողմի ուժերն այնտեղ են տեղակայվել առնվազն հինգ տարով, սակայն դուրս բերման դեպքում զինված ընդհարումները կարող են վերսկսվել: Բացի այդ, ռուսական ուժերի տեղակայումը շփման գոտու երկայնքով լարվածություն կարող է առաջացնել Ադրբեջանի հետ, քանի որ դրանց տեղեկայումը բխում է հիմնականում հայկական կողմի շահերից: Այսպիսով կարճաժամկետում դա Ռուսաստանի ձեռք բերումն է, որը ապահովում է խաղաղություն, սակայն երկարաժամկետում կարող են լինել բարդություններ, որոնք ամբողջությամբ դժվար է կանխատեսել՛՛,- ասում է Վեյցը: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման կարևորությունը Ռուսաստանի համար նաև արտացոլված է ԼՂ հարցի շուրջՌուսաստանում միջգերատեսչական կենտրոնի ստեղծման նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացրել է Պուտինը ուժային կառույցների, արտգործնախարարության և այլ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում: «Տարածաշրջանի բնակիչների առավել հրատապ խնդիրների լուծմանը օգնելու համար անհրաժեշտ է ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Դրա աշխատանքը կներառի Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Անվանգության Դաշնային ծառայության և Դաշնության այլ գերատեսչությունների ռեսուրսները», - նշել է Ռուսաստանի նախագահը: Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մոսկվան ամենաազդեցիկ խաղացողն է այս տարածաշրջանում: Նա, սակայն, ընդգծում է, որ շատ հայերի մոտ առաջացել է հիասթափություն թե, ինչու Ռուսաստանն ավելի շուտ չի դադարեցրել ադրբեջանական հարձակումը: ՛՛Այս ամենի ֆոնին ծագում են հարցեր, թե ինչու Ռուսաստանն այդպես վարվեց, ինչու թույլ տվեց Ադրբեջանին սկսել ռազմական այս գործողությունները, ինչու է Մոսկվան ցույց տալիս, որ, կարծես, համագործակցում է Թուրքիայի հետ: Կան շատ կասկածներ, եթե ոչ դավադրության տեսություններ, որոնք իրականում կարող են որոշակի հիմքեր ունենալ, ըստ որի՝ Ռուսաստանը և Թուրքիան առանձին համաձայնության են եկել, որով Ռուսաստանը և Բաշար ալ-Ասադը գերակայություն ստացան Սիրիայի Իդլիբում` փոխարենը Թուրքիային թույլ տալով ավելի խորը ներթափանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Եվ մենք դա տեսանք հատուկ մատակարարման միջանցքի տեսքով, որը ստանում է Թուրքիան այս համաձայնագրով՛՛,- ասում է Մայքլ Ռուբինը: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ևս ողջունել է կրակի դադարեցումն ու հրադադարի հաստատումը ԼՂ հակամարտության գոտում: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության հայտարարւոթյան մեջ ասված է. ՛՛Մենք միշտ ասել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք խորապես ցավում ենք գրանցված վերջին բռնությունների ու անհարկի մարդկային կորուստների համար, այդ թվում բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում: Մինչ իրավիճակը շարունակում է զարգանալ, և մենք ավելին ենք իմանում նոյեմբերի 10-ին հայտարարված պայմանավորվածության մասին, պետք է անդրադառնանք միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի դերին թափանցիկ խաղաղության պահպանման գործում՛՛: Մտահոգություն հայտնելով մարդասիրական ոլորոտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ հորդորել է հակամարտող կողմերին անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերի իրականացումը և պաշտպանել խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական օբյեկտները: ՛՛Մենք կողմերին հորդորում ենք խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության վերսկսմանը, զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից և գործողություններից, օգտվել բռնության դադարեցումից՝ հաստատելով կայուն խաղաղություն՛՛,- ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ, ուր նաև կոչ է արվում արտաքին ուժերին գործել պատասխանատու և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հրահրել բռնություն կամ ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը:

Նմանատիպ նյութեր