211652_close_icon
views-count8144 դիտում article-date 10:53 30-10-2020

Պատժի խստացումը հարցի լուծում չէ. առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, որ պատժի խստացումը չի բերում հանցագործությունների նվազեցման: «Որպես պատժի տեսակ ամենախիստ պատիժը մահապատիժն է, և պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառվում է, չի բերում այն հանցագործությունների նվազեցմանը, որոնց դեպքում նախատեսված է մահապատիժ»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իհարկե կարող են ասել, որ ռազմական դրության պայմաններում, արտակարգ պայմաններում արտակարգ միջոցառումներ պետք են, կան հանցավոր արարքներ, որոնց ռազմական դրության պայմաններում պետք է ավելի խիստ մոտենալ։ Մասնավորապես անվտանգության նկատառումներից, ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում արտակարգ միջոցառումները չպետք է լինեն միայն իրավական բնույթի։ Շատ կարևոր են գաղափարի շուրջ համախմբելուն ուղղված գործողությունները։ Այս խստացումները, իհարկե, իրավիճակով են պայմանավորված, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա»։ Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է սոցիալական աջակցությունը, այլ արտոնություններն ու երաշխիքները։ Շատ կարևոր է, որ պահպանվում է պատերազմին մասնակցողի աշխատավարձը։ Սաքունցի խոսքով՝ սա նպաստում է կամավորականների մոբիլիզացիային, քանի որ եթե նրա ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվում են, նա հանգիստ է լինում և առանց վարանելու կարող է մեկնել առաջնագիծ։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ և ճանապահ չէ։ Առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր