211652_close_icon
views-count5231 դիտում article-date 10:18 30-10-2020

Պատերազմը պահանջում է համախմբում իշխանության շուրջ՝ անկախ դրա որակներից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս պատերազմում լուծվում է մեր՝ հայերիս, այս տարածաշրջանում ապրելու խնդիրը: Այսպիսի բախտորոշ ժամանակաշրջաններ պարբերաբար լինում են ամեն մի ազգի պատմության մեջ: Դա պատահել է նաև մեզ հետ, և քանի որ, ի հեճուկս դարերի փորձությունների, մենք կանք և ունենք պետություն, ես ոչ մի հիմք չունեմ կասկածելու, որ այս փորձությունն էլ կհաղթահարենք: Այս մասշտաբի խնդիրների կողքին բոլոր մնացած խնդիրները խամրում են, դառնում են երկրորդական: Մարդիկ կան (և այդ մարդկանց մեծ մասն ապրում է զուտ ֆեյսբուքյան իրականության մեջ), որոնք դա չեն հասկանում: Նրանք ինձնից պակաս հայրենասեր կամ պարկեշտ չեն. ուղղակի «ներքաղաքական հույզերն» են նրանց ընկալունակությունը բթացրել, կամ էլ՝ պարզապես կյանքի բավականաչափ փորձ չունեն: Առաջիններին համոզելը չափազանց դժվար է, երկրորդ խմբի հետ թերևս արժե կրթական և դաստիարակչական աշխատանք կատարել: Պատերազմի ժամանակ հայ մարդիկ պետք է զսպեն որևէ հայի հանդեպ քննադատական, առավել ևս՝ վիրավորական խոսք ասելու իրենց ցանկությունը: Ես, օրինակ, փորձում եմ հենց այդպես վարվել: Բայց հետագայում էլ, երբ հնարավոր կհամարեմ քննադատել, օրինակ, Վազգեն Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին կամ Դավիթ Շահնազարյանին (իսկ նրանց թե՛ նախկին, թե՛ ներկա գործունեության մեջ, անշուշտ, քննադատելի կետեր կան), ապա կաշխատեմ ընտրել հնարավորինս կոռեկտ բառապաշար: Ինչո՞ւ: Որովհետև, երկար աշխատելով լրագրության բնագավառում, գիտեմ, թե ժամանակին, երբ մեր երկիրը բարդ վիճակում էր, ինչ են արել այդ մարդիկ: Եթե մարդը ծնվել է, ասենք, 1990 կամ 2000 թվականին, նա, բնականաբար, չի տիրապետում այդ տեղեկատվությանը, բայց չեմ կարծում, որ դա իրեն իրավունք է տալիս հայհոյանքներ գրել այդ գործիչների հասցեին: Որոշ լուսավորչական աշխատանք է պետք կատարել նաև այն պարագայում, երբ հայհոյանքների տարափ է տեղում կյանքից հեռացած մարդու հետևից. սիրելի՛ բարեկամներ, նա արդեն մահացել է, ձեր գրածները չի կարողանա կարդալ: Այս ամենը պետք է հանգիստ, առանց ագրեսիայի բացատրել այն մարդկանց, որոնք տեղեկատվության պակաս ունեն. հույզերով բոցավառվածների խնդիրը, ինչպես արդեն ասացի, ավելի բարդ է: Ճի՞շտ են վարվում արդյոք այն գործիչները, որոնք հիմա իշխանափոխություն են պահանջում: Ոչ, իմ կարծիքով, նրանք արմատապես սխալվում են՝ պատերազմը պահանջում է համախմբում ցանկացած իշխանության շուրջ՝ անկախ դրա որակներից: Ուստի, այս դեպքում էլ ուզում եմ իշխանափոխություն պահանջողներին եղբայրաբար խնդրել՝ ժամանակավորապես զսպե՛ք ձեր զգացմունքները ներկա իշխանության հանդեպ և առաջնորդվեք կարգապահական այն կանոններով, որոնք թելադրում է ռազմական դրությունը: Մնացած բաներից հնարավորություն կունենանք խոսելու հաղթանակից հետո»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր