211652_close_icon
views-count1970 դիտում article-date 09:15 30-10-2020

Արցախի անկախության միջազգային ճանաչման պահանջն ավելի է հասունանում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը միջազգային մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ի սկզբանե Ադրբեջանը հաշվարկել էր, որ իրենց սանձազերծած պատերազմը մեծ աղմուկ չի առաջացնի, բայց տեղի ունեցավ հակառակը։ Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվականներ անդրադառնում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Իսկ ռազմական գործողություններում Թուրքիայից և Սիրիայից բերված ահաբեկչական խմբերի ներգրավվածությունը ավելի է մեծացնում հակակրանքն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա հատկապես դրսևորվում է հանրային-հասարակական մակարդակում։ Այս ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները տեղում լուսաբանում են աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։ Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։ Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։ Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր