211652_close_icon
views-count312 դիտում article-date 10:25 29-10-2020

Պատերազմի փոփոխական և անփոփոխ ձևերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ իմացած գրեթե բոլոր ռազմական փորձագետներն են համաձայն, որ այս պատերազմն իր բնույթով տարբերվում է նախորդներից: Այն, ինչ արխայիկ լեզվով կոչվում է «սվինների քանակ», այսինքն՝ քանի զինված մարդ է մասնակցում մարտական գործողություններին, իր տեղն է զիջում տեխնոլոգիաներին, դրանց տիրապետելու ունակություններին, ինչպես նաև միջին և բարձրագույն հրամկազմի մարտավարական ունակություններին ու ճկունությանը: Այդ առումով շատ բան է փոխվել անգամ 2016 թվականի ապրիլյան մարտերից, իսկ հատկապես՝ առաջին արցախյան պատերազմից հետո: Էլ չասած, որ շատերիս մտքում որպես օրինակ մնացել է Երկրորդ աշխարհամարտը, որի մասին մենք լսել ենք մեր պապերից և կարդացել ենք բազմաթիվ՝ ճիշտ ու սխալ պատմություններ: Այսօրվա պատերազմների և Երկրորդ համաշխարհայինի միջև բոլոր տեսակի զուգահեռները, մեղմ ասած, խիստ պայմանական են. 75 տարում և, մասնավորապես, վերջին երկու տասնամյակների ընթացքում պատերազմի զուտ ռազմական բաղադրիչը, կասեի նույնիսկ՝ իմաստը շատ է փոխվել: Երբ այս պատերազմն ավարտվի, հավանաբար, անհրաժեշտություն կառաջանա այդ ամենը մանրամասն վերլուծելու, և դա, հուսով եմ, կանեն նաև հայ մասնագետները՝ մեր հետագա ռազմավարությունը մշակելու համար: Բայց եթե ռազմական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, ապա տեղեկատվական պատերազմի ձևերը և հնարքները շատ ավելի «պահպանողական» են և, կարելի է ասել, դարերի ընթացքում, ըստ էության, մնում են նույնը՝ փոխվում են քարոզչության կրիչները, սկսած թշնամու բանակի հրամանատարների մագաղաթե հրովարտակներից և վերջացրած համացանցով: Այս պատերազմում նույնպես հակառակորդը ձգտում է կոտրել մեր դիմադրողականությունը՝ վախեցնելով, խուճապ կամ առնվազն կասկածներ սերմանելով: Եվ դա կարևոր փորձություն է՝ մեր զգոնությունը և գրագիտությունը ստուգելու համար: Օրինակ, ակնհայտ է, որ թուրքական և ադբեջանական աղբյուրները պատերազմի ժամանակ ոչ մի վստահություն չեն կարող ներշնչել: Բայց, ըստ երևույթին, այնքան էլ ակնհայտ չէ, որ սովորական, ոչ մասնագետ օգտատերերը չպիտի դրանք կիսեն, մեջբերեն՝ թեկուզ հերքելու, վիճելու կամ ծաղրելու նպատակով: Թշնամու տեղեկատվությունը «կպչուն» լինելու հատկություն ունի՝ դուք այն հերքում եք, բայց, միևնույն է, այն մնում է ձեր ուղեղում և խոչընդոտում է ձեր սթափ դատողությանը: Ես ընդհանրապես գտնում եմ, որ բոլոր վեճերը ֆեյսբուքում պետք է հնարավորինս կրճատել: Նախ՝ դրանք հաճախ ներառում են անհայտ կայքերի կամ անհայտ օգտատերերի գրառումներ, որոնք կարող են արտաքուստ հայկական լինել, բայց դրանց իրական նպատակներն այնքան էլ միանշանակ չեն: Օրինակ, ձևը կարող է լինել «հայրենասիրական» կամ «մարդասիրական», բայց իրական բովանդակությունը մեր հասարակության մեջ խեղճության, ընկճվածության, լացուկոծի տրամադրություններ սերմանելն է: Երկրորդ՝ հիմա վիճելու և դրանով ինքնահաստատվելու ժամանակը չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր