211652_close_icon
views-count880 դիտում article-date 10:15 29-10-2020

ՀՀ Արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. գլխավոր թեման Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ: Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից: Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:

Նմանատիպ նյութեր