211652_close_icon
views-count502 դիտում article-date 23:26 27-10-2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող և նախկին պատգամավորներ, լրագրողներ։ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված և 120 վիրավոր: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր