211652_close_icon
views-count491 դիտում article-date 10:23 24-10-2020

Պատերազմը հանգեցրեց բոլոր արժեքների վերարժևորմանը․ Աշոտ Ոսկանյան․ «Ազգ»

«Ազգ»-ի հարցազրույցը Ավստրիայում և Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի հետ [b]- Պարոն Ոսկանյան, Դուք երկար տարիներ դիվանագիտական աշխատանք եք կատարել Ավստրիայում, Գերմանիայում, բնականաբար ճանաչում եք այդ երկրները «ներսից»: Ձեր գերմանախոս լինելն էլ նպաստում է, որ այդ երկրներում ծավալվող խոսույթին (դիսկուրս) մասնակից լինեք: Հոկտեմբերի 16-ին Ավստրիայի պառլամենտում միաձայն ընդունվեց ԼՂ հարցով առաջարկ միջնորդությունը (Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրիայի և ԵՄ ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն): Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը միաձայն դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում Բունդեսթագին, որ նման քայլ ինքն էլ անի: Մանավանդ հայության անվտանգության հարցի մասին անուղղակի ակնարկ կա հենց նրա՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի տեքստում:[/b] - Անկասկած տեղյակ եք, որ այսօրվա Ավստրիայի հասարակության մեջ իշխող տրամադրությունները փոքր-ինչ տարբերվում են «եվրոպական միջինից»: Ավստրիական իշխանություններն ավելի են կենտրոնացած ազգային խնդիրների, օտարների ներգաղթի, ավստրիական ավանդական կենսակերպի պահպանման և նման այլ հարցերի վրա: Նաև թուրքերի հետ ունեցած պատմական փորձառությունն է խաղում իր դերը: Բնական է, որ իրենց արձագանքն ավելի սուր և անմիջական էր լինելու: Այնինչ Գերմանիան, որպես ԵՄ առաջատար երկիր շատ ավելի մեծ պարտավորություններ ունի և շատ ավելի բարդ և զգուշավոր քաղաքականություն է վարում: Թուրքիայի հետ նրա հարաբերությունները ծայրահեղ խճողված են, նույնիսկ բևեռացված՝ մի կողմից կարող ենք հիշել ոչ վաղ անցյալի բացահայտ կոնֆլիկտը Էրդողանի հետ, որը փորձում էր մոբիլիզացնել Գերմանիայում բնակվող թուրքական տարրը իր քաղաքական նպատակների համար, մյուս կողմից՝ Թուրքիայի շանտաժը, կապված պատերազմական շրջաններից եկող գաղթականների ահռելի հոսքը չարգելակելու և այն դեպի Եվրոպա ուղղորդելու սպառնալիքի հետ: Չեմ ուզում ծանրաբեռնել պատասխանս, թվարկելով բոլոր գործոնները, բայց դրանք իսկապես շատ են: Ինչ վերաբերում է «անուղղակի ակնարկներին», դրանք այսօր էլ արվում են, բավական է հիշել ԳԴՀ արտգործնախարարի զգուշացումը՝ չեզոքությունից հնարավոր հրաժարման մասին: [b]- Բունդեսթագի և Բրանդենբուրգի Լանդթագի AfD խմբակցության մի շարք պատգամավորների՝ Շտեֆֆեն Կոտրեի, Շտեֆան Կոյթերի, Անդրեաս Գալաուի, Անդրեաս Կալբիցի Արցախ այցը, Արցախը ճանաչելու մասին հստակ արտահայտությունը, ինչպես սպասվում էր, երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին քննադատվեց Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Բունդեսթագին ու Լանդթագին: Ծայրահեղ աջ AfD-ն՝ (Այլընտրանք Գերմանիայի համար) ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Բունդեսթագում ունի նաև անդամներ, որ պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Սակայն սրա մասին որևէ մեկը հիմա չի խոսում, ընդհակառակը, Գերմանիայում վերոհիշյալ պատգամավորների այցի քաղաքական շահարկումը դեռ նոր է սկսվում: Իսկ երեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին Բեռլինում գերմանական ԶԼՄ- ներից մեկի ներկայացուցիչը հստակ հարց ուղղեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանին, պարզելու համար, թե արդյոք Հայաստա՞նն է հրավիրող կողմը: Գերմանաբնակ հայերը երբեմն շատ սուր ու զգայուն են, մերժում են այս կուսակցության՝ Հայաստանին ու հայերին ի նպաստ արված յուրաքանչյուր քայլ ու արտահայտություն: Ակնարկածս նկատելի է սոցցանցերում: Պարոն Ոսկանյան, հատկապես մեր լսարանին, մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում, Գերմանիայում ի՞նչ պիտի հուշել: Ինչպե՞ս պատասխանել, երբ գերմանացիներն են սա թեմա դարձնում:[/b] - Արդեն ասացի, որ գերմանական հանրության կարծիքները միշտ չէ, որ համընկնում են դասական կուսակցությունների և մամուլի չափազանցված «քաղաքական կոռեկտության» հետ: Կան ավանդական խնդիրներ, կան և նոր անհանգստություններ: Առաջինների կապակցությամբ ուզում եմ հիշատակել Գերմանիայում դեսպան աշխատած ժամանակ տեղի ունեցած իմ հանդիպումը ՔԴՄ (քրիստոնյա դեմոկրատական) կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շթայնբախի հետ՝ իր խնդրանքով, որպես «Արտաքսվածների միության» այն ժամանակվա նախագահի: Այդ միությունը ցանկանում էր Գերմանիայում հիմնել թանգարան՝ նվիրված Եվրոպայում տեղի ունեցած էթնիկ զտումներին և արտաքսումներին, իհարկե նախ և առաջ նկատի ունենալով այն մի քանի միլիոն գերմանացիներին, որոնք արտաքսվել էին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխիայի և Լեհաստանի տարածքներից: Բայց նա առաջարկում էր թանգարանի մուտքի առաջին դահլիճը տրամադրել Օսմանյան կայսրությունից հայերի արտաքսման պատմությանը: Իհարկե, իր կուսակցության ղեկավարությունը երջանիկ չէր Շթայնբախի գործունեությամբ, բայց ոչ ոք կասկածի տակ չէր դնում նրա գործողությունների լեգիտիմությունը: Ցավոք, այդ ծրագիրը չիրականացվեց, բայց տրամադրություններն առկա են: Մյուս օրինակը Թիլո Սարացինի «Գերմանիան ինքնաոչնչացվում է» (Deutschland schafft sich ab) աղմկահարույց գիրքն էր, որը հրատարակվեց 2010-ին: Սրանում հեղինակը վերլուծում էր Գերմանիա կատարվող զանգվածային ներգաղթի հետևանքները ամենատարբեր ոլորտներում՝ սոցիալականից մինչև կրթական: Թեև հեղինակը հասարակական կարծիքի ճնշման տակ նույնիսկ ստիպված եղավ հրաժարական տալ բանկային համակարգում զբաղեցրած իր բարձր պաշտոնից, բայց հարցադրումները մնացին, և դրանք նկատելի են նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դրույթներում: Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ այդ կուսակցությունը թեև արմատական աջ հայացքներ ունի, բայց ոչ մի դեպքում ֆաշիստական չէ, այլապես նա իր շոշափելի տեղը չէր ունենա Բունդեսթագում: Իրենց քարոզած «այլընտրանքը» ԵՄ-ից դուրս գալն է, որը վերջերս իրականացրեց Մեծ Բրիտանիան՝ առանց ֆաշիստական համարվելու: Հասկանալի է, որ ավանդական կուսակցությունները, որոնք AfD -ի պատճառով ընտրազանգված են կորցնում, շահագրգռված են այն դիվայնացնելու: Սակայն, այդ կուսակցությունն ավելի ծայրահեղ չէ, քան ասենք Մարի Լը Պենի կուսակցությունը Ֆրանսիայում, այսօրվա կառավարող կուսակցությունը Հունգարիայում և շատ ուրիշներ: Չեմ կարող ասել, որ ինքս նման հայացքների համակիր եմ, բայց համարում եմ, որ պետք է համագործակցել բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնք կարող են օգնել մեր ազգային շահերի պրոպագանդմանը կամ լուծմանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ ընթացող պատերազմը նաև մեզանում զգալի չափով հանգեցրեց «բոլոր արժեքների վերարժևորմանը»: Հայ հասարակությունը համոզվեց, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության խոսույթները շատ դեպքերում օգտագործվում են որպես դատարկ կարգախոսներ և չեն ծառայում իրենց նպատակին: Իհարկե, պետք է բոլոր ջանքերը գործադրել դրանք աշխատեցնելու համար, բայց և պետք է նկատի ունենալ, որ մենք պետք է աշխատենք բոլոր լեգիտիմ ուժերի հետ, որոնցից կարող ենք իրական օժանդակություն ստանալ: Մենք պետք է զգույշ լինենք չանցնելու համար գերմանական հասարակության մեջ գոյություն ունեցող «կարմիր գծերը», բայց և բավականաչափ պրագմատիկ՝ օգտագործելու համար բոլոր շանսերը, որ տալիս են այդ դաշտի լեգիտիմ խաղացողները:

Նմանատիպ նյութեր