211652_close_icon
views-count3320 դիտում article-date 09:29 21-10-2020

Ինչպիսի մտահոգություններ ունի Իրանը ԼՂ հակամարտության հարցում. «Ամերիկայի ձայն»

ԼՂ հակամարտությունն անդրադառնում է հարեւան բոլոր տարածաշրջանային երկրների, այդ թվում Իրանի վրա: Թեհրանը պահպանում է չեզոքություն, սակայն ունի իր մտավախությունները։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5629572.html]«Ամերիկայյի ձայնը»[/url]։ Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը վտանգավոր է ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի համար, այլ նաև ողջ տարածաշրջանի: Կողմերը չափազանց շատ զինված են, և մշտապես առկա է հակամարտության ընդլայնման սպառնալիք, որը կարող է արագ տարածվել և դուրս գալ հայ-ադրբեջանական հակամարտության գոտուց, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Դա չափազանց վտանգավոր է ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար»,- ասում է նա: Լարվածության աճը զգալիորեն անհանգստացրել է ղարաբաղյան հակամարտության անմիջական հարևանությամբ գտնվող Իրանին: Թեհրանը խստորեն նախազգուշացրել է, որ կարձագանքի, եթե հակամարտությունը տեղափոխվի իր տարածք: Դրա վտանգի մասին օրերս խոսել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով ասել է, որ պետք է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի տարածաշարջանայինի: Կոչ անելով վերականգնել խաղաղությունը՝ նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ որևէ երկիր որևէ պատրվակով իր սահմանային գոտի ուղարկի ահաբեկիչներին: Ըստ մամուլի հաղորդումների՝ Իրանը կոչ է արել Թուրքիային աջակցել խնդրի դիվանագիտական կարգավորմանը և զերծ մնալ հակամարտության սրմանը նպաստող քայլերից: Վերլուծաբան Ալեքս Վատանգայի կարծիքով, որպես բազմաէթնիկ երկիր, Իրանը մտավախություն ունի, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի պանթուրքական օրակարգը կարող է ընդգրկել նաև Իրանի ադրբեջանցիներին: «Իհարկե Իրանը մտահոգված է Իրանի ադրբեջանցիների մոբիլիզացման Թուրքիայի ջանքերով, որը արտահայտվում է Իրանի ներքաղաքական կյանքում»,- ասում է Վատանգան: Նրա կարծիքով Թեհրանի համար անսպասելի էր հակամարտության նման ծավալն ու երկարաձգվող բնույթը: Իրանը շարունակում է պահպանել չեզոքությունը, իսկ իր պաշտոնատար անձանց հնչեցրած ադրբեջանամետ մի քանի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ միտված են եղել, ըստ վերլուծաբանի, հանգստացնելու Իրանի ադրբեջանցիներին: Հայտնի է, որ օրերս Թավրիզում անցան իրանցի ադրբեջանցիների ցույցեր ի աջակցություն Ադրբեջանի, որոնց ընթացքում գրանցվեցին բախումներ ոստիկանության ուժերի հետ: Վատանգան գտնում է, որ Իրանը ԼՂ հակամարտությունն այսօր դիտարկում է ոչ թե արտաքին քաղաքական շահերի, այլ ներքաղաքական վտանգների տեսանկյունից՝ հաշվի առնելով Իրանում ավելի քան 20 միլիոն էթնիկ ադրբեջանցիների առկայությունը: ԼՂ հակամարտության նկատմամբ ադրբեջանցիների դրսևորումները, ըստ նրա, երկրի կենտրոնական իշխանությունները դիտարկում են որպես սպառնալիք, որին Թեհրանը փորձում է հակազդել: «Իրանի մտահոգությունները միանշանակ կապված են այն մտավախության հետ, որ արտաքին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը, կարող են ցանկություն հայտնել օգտագործելու այս հարավկովկասյան համակարտությունը՝ Իրանի ադրբեջանցիների շրջանում զայրույթ տարածելու համարշ»,- ասել է նա: Իր հերթին վերլուծաբան Փոլ Գոբլը, խոսելով ԼՂ հակամրտության հարցում Իրանի դիրքորոշման մասին, կարծիք է հայտնել, որ Իրանը շահագրգրված չէ հակամարտության կարգավորմամբ՝ կրկին առաջ քաշելով իրանցի ադրբեջանցիների գործոնը: «Իրանցիները ռուսների նման չեն ցանկանում, որ կողմերից որևէ մեկը հաղթի: Թեհրանը գտնում է, որ Բաքվի հաջողությունները կարող են ոգևորել իրանցի ադրբեջանցիներին, իսկ ՀՀ-ի հաղթանակի պարագայում Իրանի ներսում կարող է լինել արձագանք էթնիկ թուրք խմբերի շրջանում»,-նկատում է ամերիկացի նախկին դիվանագետը: Հիշեցնենք, որ օրերս լրացավ Իրանի նկատմամբ ռազմական պատժամիջոցների ժամկետը՝ սահմանված 2015 թ միջուկային պայմանագրով: ԱՄՆ դուրս է եկել այդ պայմանագրից, սակայն հայտարարել, որ Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, ներառյալ ռազմականը, շարունակում են մնալ ուժի մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր տարածած հայտարարության մեջ զգուշացրել է բոլոր երկրներին, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերահաստատված են, ներառյալ ՄԱԿ-ի զենքի բեռնարգելքի կիրառումը: Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի, «համապատասխան զինատեսակների ներկրումը Իրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի խախտում է, իսկ Իրանից ցանկացած զինատեսակի կամ զինամթերքի ձեռքբերումը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1747-ի բանաձևի խախտում»։ ԱՄՆ սպառնում է պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի կամ որևէ սուբյեկտի նկատմամբ, որը կնպաստի Իրանից կամ դեպի Իրան զենք-զինամթերքի մատակարարմանը, վաճառքին կամ որևէ այլ տեսակի առնչության:

Նմանատիպ նյութեր