211652_close_icon
views-count859 դիտում article-date 10:29 20-10-2020

Կարո՞ղ է արդյոք որևէ անհատ վերցնել մուրճը և քանդել Մասիս սարը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս ԵՄ կառույց հանդիսացող Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ արտահայտում է ադրբեջանական տեսակետը՝ Գյանջայում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Չգիտեմ, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվել կորզել այդ հայտարարությունը, բացառված չէ՝ իրենց ավանդական «խավիարային» ձևերով, բայց հասկանալի է, որ Հայաստանում այդ փաստաթուղթը ցասում առաջացրեց, քանի որ այն բացարձակապես հաշվի չի առել հայկական խաղաղ բնակավայրերի երեք շաբաթ տևող հրետակոծությունները: Բայց ինչ-որ մի կառույցի խոսնակի հայտարարությունը, որքան հասկանում եմ, չի կարող նույնականացվել ԵՄ ամբողջական դիրքորոշման հետ: Ճիշտ այդպես, Եվրոպայի խորհրդի իրավական և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական կոմիտեի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեն, որը ժամանակին կանգնեց դատարանի առաջ՝ մեղադրվելով Ադրբեջանից կաշառք ստանալու համար, ինքն իրենով չէր մարմնավորում Եվրոպայի խորհուրդը՝ չնայած որոշակիորեն ազդել է այդ կառույցի վարկանիշի վրա: Բայց, եթե անգամ ենթադրենք, որ որևէ բյուրոկրատի տեսակետն ամբողջությամբ արտացոլում է ԵՄ դիրքորոշումը, ապա այդ ամենը որևէ կապ չունի եվրոպական արժեքների հետ: Եվ այս առումով ինձ մոտ տարակուսանք են առաջացնում մեզանում հնչող մեկնաբանությունները՝ «ըհը՜, եվրոպական արժեքների ջատագովներ, կերա՞ք»: Այսինքն՝ ստացվում է, որ ԵԽ կամ ԵՄ ինչ-որ պաշտոնյա կարող է քանդել այն քաղաքակրթությունը, որը ստեղծվել է երկուսուկես հազարամյակների ընթացքում, և որի կերտմանը մասնակցել է նաև Հայաստա՞նը: Կարո՞ղ է արդյոք որևէ անհատ վերցնել մուրճը և քանդել Մասիս սարը: Իհարկե, կան շահեր, փողեր, նավթի և գազի խողովակներ, տնտեսական ծրագրեր, այսինքն՝ այն ամենը, ինչից կերտվում է ժամանակակից քաղաքականությունը: Եվ այդ առումով, եկեք ինքներս մեզ չխաբենք, Եվրոպայի համար Թուրքիան և մասամբ նաև՝ Ադրբեջանը, ավելի կարևոր են, քան Հայաստանը. մեծ հաշվով մեր ճակատագիրը եվրոպացիներին կամ ամերիկացիներին չի հուզում, չնայած ժամանակ առ ժամանակ կարող է Հայաստանի հանդեպ այս կամ այն մակարդակով համակրանք արտահայտվել: Քաղաքական տեսանկյունից մենք հետաքրքիր ենք թերևս միայն Ռուսաստանին և Իրանին՝ այդ երկրների որոշակի շահերի հետ են մեր շահերը համընկնում, և մեր քաղաքական գործելակերպը, բնականաբար, պետք է պայմանավորված լինի այդ հանգամանքով: Ուրիշ հարց է քաղաքակրթական ընտրությունը, այդ թվում այն արժեքները, որոնց հիման վրա կառուցվում է պետությունը: Այդ հարցը, կարծում եմ, լուծված է ավելի քան 1700 տարի առաջ, և այստեղ կարիք չկա որևէ բան փոխելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր