հիմնական կայք
Լրահոս

Պատերազմի քարոզչական բաղադրիչը․ «Առավոտ»

Պատերազմի քարոզչական բաղադրիչը․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմը թևակոխել է երկարատև հակամարտության փուլ, կարող է տևել շաբաթներ ու նույնիսկ ամիսներ: Իսկ դա նշանակում է, որ գնալով մեծանում է հակամարտող կողմերի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և քարոզչական ռեսուրսների նշանակությունը: Իհարկե, որպես գլխավոր «հարց լուծող» շարունակում է մնալ մեր բանակը, բայց նրան անհրաժեշտ է աջակցություն՝ բոլոր հիշյալ ոլորտներում:


Այդ բնագավառներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Որպես օրինակ վերցնենք թեկուզ քարոզչական ճակատը: Այստեղ ադրբեջանական պետությունը մոգոնում է այնպիսի հիմարություններ, որոնք, եթե չլիներ պատերազմի ողբերգական հանգամանքը, կարող են միայն ժպիտ առաջացնել: Առավել անհեթեթ դրսևորումներից մեկը վերջերս եմ տեսել:


Հակառակորդի քարոզիչները վերցրել են ՀՀ քաղաքացիների, ազգությամբ եզդի մեր զինծառայողների լուսանկարը և մեր այդ զինվորներին ներկայացրել են որպես «քուրդ ահաբեկիչներ»՝ հավանաբար, որպես պատասխան Թուրքիայի կողմից իսկապես բերված վարձկանների ակներև փաստի: Հաշվարկն այն է, որ Ռուսաստանում ու աշխարհի այլ վայրերում ապրող մարդկանց մեծամասնությունը չգիտի, որ դրոշի վրա է արև պատկերված և տեղյակ չեն, որ եղբայր ժողովուրդն արևապաշտ է: Ես չգիտեմ, թե հայկական կողմից ով, ինչպես և որ հարթակում պետք է դրան պատասխանի (կամ գուցե այդ մարազմներին ընդհանրապես պետք չէ պատասխանել): Չեմ կարող դատել, որովհետև քարոզչությունն առանձին մասնագիտություն է և խիստ տարբերվում է լրագրությունից:

Բայց ակնհայտ է, որ պատերազմի այս փուլում և մինչև իրական հրադադարի հաստատումը նման՝ գեբելսյան ոճի այս ստերը բազմանալու են, և դա գնալով ձեռք կբերի ավելի ու ավելի մեծ նշանակություն՝ հակամարտության առաջիկա վերջնական «բնագծերը» ճշտելու համար: Ու թեև ես չգիտեմ, թե ինչպես է պետք պայքարել այդ ստերի դեմ, մի բան հաստատ կարող եմ ասել՝ կարիք չկա համացանցում կիսվել նման նյութերով՝ թեկուզ դրանց հեղինակներին հայհոյելու նպատակով (իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անում են մասնագետները՝ հատուկ մշակված հայեցակարգը հաշվի առնելով): Ես ոչ թե մտավախություն ունեմ, որ հակառակորդի կացնային քարոզչությունը ինչ-որ, անգամ աննշան ազդեցություն կունենա հայ օգտատերերի վրա: Պարզապես կարծում եմ, որ նման բաների վրա չարժե ժամանակ և նյարդեր ծախսել և պետք է կենտրոնանալ ոչ թե ինչ-որ մեկին հերքելու կամ հայհոյելու, այլ՝ բացառապես պոզիտիվ նպատակների վրա:

Այդ նպատակներին հնարավորինս շուտ հասնելու ճանապարհը հայտնի է՝ ամենօրյա համառ պայքարը ռազմաճակատում և թիկունքում: Իսկ այդ պայքարի արդյունքը կանխորոշված է՝ նույնիսկ հեռավոր Ամերիկայում Մայք Պոմպեոն է դա հասկանում: Տեղեկացված մարդ է, պետքարտուղար նշանակվելուց առաջ ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք