211652_close_icon
views-count302 դիտում article-date 11:42 06-10-2020

ԱԺ-ն ընդունեց գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1030510.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 99 կողմ ձայն: Նախագիծն ԱԺ նիստում ներկայարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը: Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի և քննարկել 24-ժամյա ռեժիմով: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

Նմանատիպ նյութեր