211652_close_icon
views-count1942 դիտում article-date 16:18 24-09-2020

Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր

Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամիսներին վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրլն դրամ գումարային մնացորդով: «[url=https://armenpress.am/arm/news/1028647.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել են գրեթե 1մլն հատ վարկային պայմանագրեր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրլն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձինք են»,- ասաց Երիցյանը: Նրա կարծիքով՝ վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորում է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպություններն ու դրանց սեփականատերերը: Երիցյանը շեշտեց նաև՝ պատկերին ամբողջությամբ նայելիս ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տևել: Նա միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ եթե ԿԲ-ի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, գնահատի, որ որևէ կերպ խաթարվել է հավասարակաշռությունը, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշպանելու համար: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

Նմանատիպ նյութեր