211652_close_icon
views-count1525 դիտում article-date 16:13 21-09-2020

ԱՄՆ նախագահի ուղերձը ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Մեծարգո վարչապետ, Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում: Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս: Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր