211652_close_icon
views-count1449 դիտում article-date 13:04 18-09-2020

Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը՝ սեպտեմբերի 20-ին

2020թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 9․00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարին կիմասնակցեն 8 սիրողական թիմեր՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը: Խաղերը կանցկացվեն Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 10-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11․30՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոնի ընտանիքը և ընկերները։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։ 2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը: Հրավիրում ենք լուսաբանելու Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման արարողությունը և ընթացքը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կազմկոմիտե 055 403420 հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր