211652_close_icon
views-count2857 դիտում article-date 13:09 18-09-2020

Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը. «Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա: Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի ուսումնական տարվա ավարտից հետո: Միաժամանակ, կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի 1125-N որոշմամբ սահմանվել է «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը», համաձայն որի մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է՝ տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում»։ 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքը: Օրենքը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը:

Նմանատիպ նյութեր