211652_close_icon
views-count2076 դիտում article-date 19:26 17-09-2020

Արցախի ազատամարտիկների միությունը համախմբող ուժ է, որը ծառայում է պետության ամրապնդման և հզորացման շահերին. ԱԱՄ-ն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://artsakhpress.am/arm/news/132465/arcakhi-azatamartikneri-miutyuny-hamakhmbox-uzh-e-ory-tsarayum-e--petutyan-amrapndman-ev-hzoracman-shaherin-aam-n-ampopel-e-arajin-kisamyaki-gortsuneutyuny.html]ԱՐՑԱԽՊՐԵՍ[/url]-ը գրում է. Արցախի ազատամարտիկների միությունն ամենից առաջ մեր երեկվա պատերազմի բոլոր մասնակիցներին համախմբող ուժ է, որը ծառայում է մեր պետության ամրապնդման և հզորացման շահերին: ԱԱՄ 2020 թվականի կիսամյակային գործունեությունը սկսվեց Կարկառաշենից (Կրկժանից): Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Հայոց բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու նպատակով Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին տրամադրվեց գումար՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 150 000 դրամի չափով: Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով: Այդ առումով առանձնացման արժանի է Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կատարածը, ով, ավանդույթի համաձայն, այս անգամ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության բանակին նվիրաբերեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնին նվիրված, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կլինեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները: Բացի վերը նշյալից, կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնություններով: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ Հանրապետության 761 կին ազատամարտիկների միության կողմից հատկացվեց ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 40 000 դրամ գումարի չափով: Արձանագրենք նաև, որ բացի պարգևատրումներից և խրախուսանքներից, Միության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել իր անդամների համար տոնական միջոցառումների կազմակերպմանը: Մասնավորապես՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ բոլոր տարածքային և համայնքային միավորումների ազատամարտիկներին որպես շնորհավորանք հատկացվել է 14.500 ծանրոց: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատամարտիկների պուրակում երեխաների համար կազմակերպվել են բացօթյա միջոցառումներ, միևնույն ժամանակ, բոլորին բաժանվել են պաղպաղակներ: Հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ ՌԴ-ում շքերթների անցկացման օրը, թվով 21 վետերանի որպես պարգևավճար հատկացվել է 50.000 դրամ գումար: Միության կողմից Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի հանդիսությունների սրահի կապիտալ նորոգումն ընթացքի մեջ է, որի ընդհանուր գումարը կազմում է 15.468.000 դրամ: Մեծ ուշադրություն է դարձվել հանրապետությունում տոնական և համապետական նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը: Նշեմ, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են մինչև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածումը և ԱՀ տարածքում արտակարգ իրավիճակ մտցնելը: Արցախի հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ տարեցներին սննդով ապահովելու համար հատկացվել է 6.180.000 (վեց միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ գումար: Բարձր գնահատելով համաճարակի հետ կապված բուժաշխատողների կողմից կատարվող աշխատանքները՝ թվով 75 հոգու որպես պարգևավճար հատկացվել է 4.160.000 դրամ գումար: Մանրամասներն՝ [url=https://artsakhpress.am/arm/news/132465/arcakhi-azatamartikneri-miutyuny-hamakhmbox-uzh-e-ory-tsarayum-e--petutyan-amrapndman-ev-hzoracman-shaherin-aam-n-ampopel-e-arajin-kisamyaki-gortsuneutyuny.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր