211652_close_icon
views-count1247 դիտում article-date 14:40 17-09-2020

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց թույլատրել Իրանում գրանցված «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ: Նշենք, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P): Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը:

Նմանատիպ նյութեր