211652_close_icon
views-count1743 դիտում article-date 12:28 17-09-2020

Կորոնավիրուսի 100 դեպքից 2-ը անխուսափելիորեն մահ է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վիճակին, նշեց, որ նախորդ 1 ամսվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի հետ կապված ունեցել ենք ամենօրյա 200-ից պակաս դեպք, բացի մեկ օրվանից, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է, երեկ 295 դեպք է եղել: Նա նկատեց, որ թեև թեստերի թիվը ևս ավելացել է և արդեն երկու օր է` 4 հազարից անցնում է, այնուամենայնիվ, ասաց` միտումը անհանգստացնող է և բոլորի ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա: «Ես երեկ մարտից հետո գործնականում առաջին անգամ խցանում նկատեցի և թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց նա: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումների թիվը մեծ է, բայց մենք նաև տոկոսային աճ ենք նկատում, այսօր 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Ըստ նրա` դա կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման, առևտրի, հանգստյան տներից վերադառնալու հետ: Նա կոչ արեց պահպանել կանոնները, քանի որ դրանց պահպանումով կարող ենք զսպել թվերի աճը: Վարչապետը նշեց, որ մեկ ապացուցված գործիք ունենք, և դիմակի կրման պայմանները պետք է խոստորեն պահպանվեն, և ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի, բայց այս ընթացքում բնականաբար քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները պահպանվեն: Նա կարևորեց դիմակի ճիշտ կրումը, որ այն փակի քիթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չեն թողել, միայն մեկ դեպքի հետ կապված է ասել, բայց այդ դեպքում էլ հարազատները հապաղել են ահազանգել: «Ըստ էության` կարող ենք ասել, որ չունենք դեպք, որ կորոնավիրուսով վարակվածը անհրաժեշտ բուժօգնությունը չի ստացել, բայց ամբողջ աշխարհում այնպես է, որ 100 դեպքից 2-ն անխուսափելիորեն մահ է»,- ասաց նա: Նա նշեց, որ ըստ վերլուծության՝ այն երկրները, որոնք առավել խիստ սահմանափակումների են գնացել և կորոնավիրուսի ցուցանիշներով առավել լավ արդյունքների են հասել, տնտեսական առումով ունեն ամենախորը պրոբլեմները, և սրանք փոխկապակցված են:

Նմանատիպ նյութեր