հիմնական կայք
Լրահոս

Տրանսպորտային միջոցների տեխզննության պարբերականությունը կփոխվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Տրանսպորտային միջոցների տեխզննության պարբերականությունը կփոխվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է փոխել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 17 դեմ և 21 ձեռնպահ ձայներ:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր՝ փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Քվեարկությունից առաջ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հայտնել էր՝ քանի դեռ չի ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, թե ինչ չափանիշներ են սահմանվելու և թե դա հետո ինչ բեռ է լինելու քաղաքացու վրա, այս փուլում «Լուսավոր Հայաստանը»-ը կքվեարկի դեմ: Երբ որոշման նախագիծ կլինի, կվերանայեն իրենց որոշումը:

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հայտնեց, որ քվեարկելու են ձեռնպահ՝ համարելով, որ կան շտկելու շատ բան կա, առաջարկություններով հանդես կգան:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք