211652_close_icon
views-count1495 դիտում article-date 13:45 17-09-2020

Արթիկում սկսվել է արևային կայանի շինարարության գործընթացը

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության» նախաձեռնությամբ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացվում է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր: Ծրագրի շրջանակներում Արթիկում՝ կկառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ համայնքի էներգետիկ խնդիրները հոգալու, ինչպես նաև արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար առաջին անգամ կփորձարկվի «հանրային-մասնավոր» համագործակցության ձևաչափը։ Ծրագրի համակարգող կազմակերպության՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով, Արթիկում արևային կայանի կառուցման նպատակով համայնքն արդեն հատկացրել է մոտ 1.3 հա հողակտոր։ Վերջին ամիսների ընթացքում, Արթիկի ավագանու որոշմամբ և կառավարության ընթացակարգերի համաձայն, փոխվել է հողի նպատակային նշանակությունը, ստեղծվել է Արթիկի «Արևային կայան» ՓԲԸ, և հողը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է ՓԲԸ-ին։ Համայնքի կողմից տրամադրվել է նաև ճարտարապետա-նախագծային առաջադրանք, որի հիման վրա սկսվել են նախագծման աշխատանքները։ Աստղինե Պասոյանի խոսքով, Եվրամիության դրամաշնորհի զգալի մասը ներդրվելու հենց Արթիկում է /նույն դրամաշնորհային ծրագրով Ապարանում արդեն կառուցվել ու շահագործվում են 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային կայաններ/, քանի որ համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնել զգալի համաֆինանսավորում հատկացնել: Ի դեպ համաֆինանասավորումը ծրագրի պարտադիր պայմաններից է։ Հայաստանի արևային քարտեզների համաձայն Արթիկն ունի արևի էներգիայի բավարար ռեսուրս, ինչը կարևոր երաշխիք է ծրագրի արդյունավետության համար: Արթիկ քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը: Ի դեպ այդ մոդելն արդեն իսկ բավական արդյունավետ գործում է նաև Ապարանում։

Նմանատիպ նյութեր