211652_close_icon
views-count1595 դիտում article-date 09:25 17-09-2020

Լուկաշենկոյի և Պուտինի միջև բոլոր համաձայնություններն ապագայում կվերանայվեն. Տիխանովսկայա․ «Ամերիկայի ձայն»

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան [url=https://www.amerikayidzayn.com/a/5586251.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում կրկին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով, ըստ Տիխանովսկայայի, ոչ լեգետիմ նախագահ է։ «Բելառուս ժողովրդի աչքերում Լուկաշենկոն այլևս լեգետիմ չէ: Մարդիկ նրան չեն վստահում ու չեն ընկալում որպես Բելառուսի նախագահ: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ բոլոր համաձայնությունները և բանակցություններն ապագայում կվերանայվեն նոր կառավարության կողմից, որը կձևավորվի, երբ իշխանության կգա արդար նախագահական ընտրությունների միջոցով ընտրված նոր նախագահը»,- հայտնում է Սվետլանա Տիխանովսկայան: Ըստ Տիխանովսկայայի, հետդարձի ճանապարհ չկա, քանի որ իշխանությունները հատել են բոլոր սահմանները դեռևս հետընտրական առաջին օրերին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: «Մենք հիշում ենք Լուկաշենկոյի հայտնի առաջարկը` էջը շրջելու մասին, սակայն մեր պատասխանն է՝ ոչ: Մեր բելառուս ժողովուրդը երբեք չի շրջի այս էջը»,- ասում է Բելառուս ընդդիմադիր առաջնորդը: Դրա հետ մեկտեղ Սվետլանա Տիխանովսկայան գտնում է, որ Լուկաշենկոյի համար դեռևս ուշ չէ հեռանալ նախագահի պաշտոնից: Այս քայլը, ըստ նրա, խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակն է: «Դրա համար պետք է ընդամենը կամ հրաժարական տալ կամ սկսել երկխոսություն Համակարգող խորհրդի շրջանակում ու կազմակերպել ազատ արդար նոր ընտրություններ: Միգուցե այդ ժամանակ նա մարդկանց հիշուղության մեջ մնա միայն որպես առաջին նախագահ, այլ ոչ թե որպես մարդասպան»,- նշում է Տիխանովսկայան: Սակայն Բելառուսում իշխանությունները չեն ցուցաբերում հեռացման որևէ նշաններ: Այս օրերին շարունակվում են խաղաղ ցուցարարների ու ընդդիմության ակտիվիստների բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Վերջին օրերին, ըստ լրատվամիջոցների, բելառուս իրավապահները սկսել են թիրախավորել նաև կին ցուցարարների, որոնք ևս բերման են ենթարկվում ոստիկանական բաժիններ ու ենթարկվում բռնաճնշման: Այսօր հայտնի դարձավ, որ Բելառուսի իրավապահները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային, ով Լուկաշենկոյի դեմ շարժման առաջնորդներից է: Վերջինիս ուժով երկրից արտաքսելու փորձը տապալվեց, քանի որ Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանին պատռել էր իր անձնագիրը: Այժմ նա մեղադրվում է Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող կոչեր հնչեցնելու մեջ: Մեղադրանքը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում: Ըստ նրա փաստաբանի, սեպտեմբերի 12- ին Կոլեսնիկովային տեղափոխել են Ժոդինա քաղաքի կալանավայր: Այս պահին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալիքսևիչի կամ անազատության մեջ են կամ գտնվում են երկրից դուրս: Իշխանությունները հույս ունեին այս միջոցով ճնշել Լուկաշենկոյի դեմ բողոքի այս շարժումը, սակայն ընդդիիմադիր առաջնորդներին թիրախավորելու քաղաքականությունը չի տալիս Լուկաշենկոյի վարչակարգին սպասվող արդյուքներ: Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոց՝ պահանջելով Լուկաշենկոյի հեռացումը իշխանությունից և նոր ընտրությունների անցկացում:

Նմանատիպ նյութեր