211652_close_icon
views-count1768 դիտում article-date 16:16 13-09-2020

Սուրբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Արշակ Սրբազանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող չորս սարկավագներ: Ձեռնադրության ընթացքում Արշակ եպիսկոպոսը քահանայության կոչեց նորընծաներին՝ աղոթքներից հետո Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր անուններ: Վարազդատ սարկավագ Քոչարյանը վերակոչվեց Տ. Հայկ քահանա, Ատոմ սարկավագ Ղարագյոզյանը՝ Տ. Հայասա քահանա, Վահան սարկավագ Սահակյանը՝ Տ. Հայկազուն քահանա և Նարեկ սարկավագ Կիրակոսյանը՝ Տ. Արմեն քահանա։ Ձեռնադրության խորհրդի կատարման ավարտին նորաօծ քահանաները նաև իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին։ Այնուհետև ձեռնադրող Արշակ Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնի խորհրդին, ինչպես նաև քահանայական ձեռնադրությանը։ Շնորհավորելով ներկաներին առանձնակի ոգևորությամբ ու ներշնչումով տոնախմբվող Սուրբ Խաչի Վերացման տոնի առիթով՝ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Նյութապաշտ աշխարհում դժվար է հասկանալ Սուրբ Խաչի՝ իրականում անփոխարինելի այդ սրբության համար, քրիստոնյաների վճարած զոհողությունների ու զրկանքների իմաստը։ Նյութակենտրոն այդ աշխարհում մարդկային պատկերացումները, վարքագիծն ու հարաբերությունները, վերջին հաշվով նաև պետությունների քաղաքականությունը, կառուցվում են առօրեական հաշվենկատությամբ՝ ուղղված այլոց նկատմամբ առավելության հաստատմանը, ազդեցության ընդլայնմանը և կամ աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարմանը: Մինչդեռ քրիստոնյայի համար խաչն է իմաստն ու նպատակը կյանքի, որը անտրոհելի ու անբաժանելի է Անմահ Խաչյալից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Եվ ուրեմն, լինել Քրիստոսի հետևորդ նշանակում է լինել Խաչի ուխտավոր: Աստված ինքը անցավ խաչի ճանապարհը, որ նույն է թե՝ աստվածային ծրագրի իրագործման համար կրեց զրկանքներ ու տառապանքներ, անցավ չարչարանաց ու մահվան ճանապարհը: Խաչի խորհուրդը բնական, թե հարուցված խոչընդոտների, գիտակցված զոհողությունների ու զրկանքների միջոցով փրկության ու հաղթանակի հասնելու խորհուրդն է։ Այսպես հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս՝ դիմակայելով ու հաղթահարելով փորձություններն ու հալածանքները, իսպառ մերժելով բոլոր գայթակղությունները»: Արշակ եպիսկոպոսը հաստատեց, որ Տիրոջ չարչարանքն ու մահն են անսուտ վկայությունը Նրա առաքելության ճշմարտության, և այս համոզումն է ոգեշնչում մարդկանց դառնալու հետևորդը Քրիստոսի և ուխտավորը Խաչի՝ ընդգծելով, որ Խաչի ճանապարհը պսակվում է հարությամբ ու հաղթանակով։ Ապա պատարագիչ Սրբազանը, իր ուրախությունը հայտնելով լծակցության համար նորընծա քահանաների, որոնք ուխտեցին դառնալ խաչակիրներ և Խաչի ճանապարհի ուխտավորներ, նշեց, որ մեծ է պատիվը և աննկարագրելի պատասխանատվությունը դառնալու Քրիստոսի ճանապարհորդակիցները, ուղիղ ժառանգորդը լուսամիտ, սրբակենցաղ ու հռչակավոր հոգևոր մեր հայրերի՝ Լուսավորիչ, Սահակ Պարթև ու Շնորհալի Հայրապետների, կրելու նույն տիտղոսն ու աստիճանը, ինչ Մաշտոց ու Նարեկացի Աստվածախոս վարդապետները: «Սիրելի՜ եղբայրներ, այս ամբողջ պատվի ու պատասխանատվության մեջ դյուրին ճանապարհ չէ սպասվում ձեզ։ Քիչ չեն այցելելու ձեզ հուսախաբությունները, միշտ չէ, որ մեծարանքով պիտի ընդունեն ձեզ և գովասանքով արտահայտվեն ձեր մասին: Ոմանց համար դուք լինելու եք միջնադարյան խավարամտության ու հնաոճության ժամանակավրեպ քարոզիչներ, ուրիշների համար տաղտկալի ու զավեշտական են թվալու կյանքի ու մահվան, փրկության ու հավիտենական կյանքի մասին ձեր մտորումներն ու քարոզները։ Քրիստոսին հետևելու, Խաչի ճանապարհի ուխտավոր լինելու ձեր հավատքի ու համոզումների, հոգևոր, բարոյական ու ազգային սրբությունների պաշտպանության ու քարոզության համար կլինեն դեպքեր, երբ կհատուցեք ձեր առողջությամբ ու բարեկեցությամբ։ Կյանքում առաջացող բնական ու հարուցված խոչընդոտներն ու զրկանքները հաճախ դուք կկրեք խոր միայնության մեջ՝ միակ, բայց և անփոխարինելի սփոփանք գտնելով Աստուծո հետ զրույցներում։ Եվ այս է՝ Աստծու հանդեպ հավատքն ու հավատարմությունը, մխիթարության մեր աղբյուրը։ Այդ հավատքն է ուժ ու զորություն պարգևում հոգևորականներիս։ Մեր պատասխանատվությունն անվրեպ աճում է այն գիտակցությամբ, որ մենք պահապաններն ենք Տիրոջից ժառանգություն ստացած Հայոց հոգևոր ամրոցի․․․։ Սիրելի եղբայրներ, Հայոց այդ հոգևոր ամրոցի, սրբազան մեր հայրենիքի հիշատակները կրկին-վերստին ձեր հոգիներում անջնջելիորեն դրոշմելու համար մենք հայկաշունչ նոր անուններով կոչեցինք ձեզ․․․, որպեսզի միշտ հիշեք ձեր պարտքը ձեզ ծնած ու սնած ժողովրդի հանդեպ, միշտ հիշեք հայոց հոգևոր ու ազգային ինքնության պաշտպանության, պահպանության ու զորացման ձեր բացառիկ կոչման ու պատասխանատվության մասին»,- ասաց Արշակ Սրբազանը։ Վերջում Սրբազան Հայրը նորընծաներին մաղթեց Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը՝ ուխտի մեջ հաստատուն, հավատքի մեջ անսասան և նվիրումի մեջ աննվազ մնալու համար։ Արշակ եպիսկոպոսը քահանայական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով նրան արդյունավոր գահակալության երկար տարիներ։ Սրբազանը շնորհավորեց նաև մայրավանքում և այլուր սպասավորող բոլոր եկեղեցականներին լծակից նոր եղբայրներով հարստանալու կապակցությամբ։ Այնուհետև Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով նրանցից անդրանիկ «Ողջույն»-ը: Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: Նույն օրը, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, քահանայական ձեռնադրություն կատարվեց Արցախի թեմում՝ Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում։ Ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի միաբան ևս երկու սարգավագներ՝ Մհեր սրկ․ Հարոյանը, որը վերակոչվեց Տ. Մխիթար քահանա, և Հրաչ սրկ․ Հայրապետյանը՝ վերակոչվելով Տ. Խաչատուր քահանա: Նորընծաներն իրենց քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջանը կանցկացնեն Գանձասարի վանքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր