211652_close_icon
views-count2638 դիտում article-date 21:59 31-08-2020

ԿԳՄՍ նախարարը՝ ՖԻԴԵ-ի նախագահին. Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգություն հայտնելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջը. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ: Մասնավորապես, Հայաստանի դեպքում ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով. «համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք: Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված՝ «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանը, և՛ Հնդկաստանը: Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում: Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը»։ Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:

Նմանատիպ նյութեր