211652_close_icon
views-count3779 դիտում article-date 12:53 14-08-2020

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով». Նիկոլ Փաշինյանը BBC-ի հաղորդմանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու խնջույքի ժամանակ դիմակ չի կրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում պաշտպանել է իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և բացատրել է, թե ինչու դիմակ չի կրել, երբ դա պահանջում էր սեփական քաղաքացիներից: HARDtalk հաղորդման ժամանակ հյուրերը պատասխանում են խիստ քննադատական, կոշտ և հաճախ սադրիչ հարցերի: Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այն մտքին, որ իր գլխավորած կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են: Նա հայտարարել է, որ շատ վաղ է գնահատականներ տալու համար, և չի մեկնաբանել այն փաստը, որ հարևան Վրաստանում վարակման դեպքերի թիվը մի քանի անգամ պակաս է Հայաստանում գրանցված թվից: Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը: «Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ: Հայաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 299 և մահվան 1053 դեպք: Ձայնագրությունը՝ [url=https://www.bbc.co.uk/sounds/play/w3cszbxn?fbclid=IwAR2KavMKLX-P_Dt1jR7nR9ldECVxPbLfAD59naT7Nf3kME2ynf9sWoqbguA]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր