211652_close_icon
views-count3906 դիտում article-date 12:26 06-08-2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի տասնյակի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հավելել, որ այս թվերը վերջնական չեն: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ես անձամբ կապ ենք հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն»,- հայտնել է Սինանյանը: Նա նշել է, որ համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Սինանյանը տեղեկացրել է, որ համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: «Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը: Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելուն, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ եմ համակարգային ձևով աշխատելու համար: Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ: Վարչապետի և այլ գերատեսչությունների հետ քննարկում ենք ՀՀ հետագա քայլերի ողջ համալիրը»,- գրել է Զարեհ Սինանյանը: Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ Բեյրութում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր