211652_close_icon
views-count3603 դիտում article-date 19:34 05-08-2020

Մոսկվա-1980. Խորեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծնվել է 1955թ․ հունվարի 10 –ին ՝ Երևանում։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական և Երևանի ժողտնտեսության ինստիտուտները։ Միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ։ Հանդես է եկել Երևանի << Արարատ >> և Տաշքենդի << Պախտակոր >> թիմերում։ Երևանցիների կազմում անցկացրել է 195 խաղ, խփել է 93 գոլ։ Գ․ Ֆեդոտովի անվան ակումբի անդամ է / 113 գոլ /։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, ԽՍՀՄ արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ, խփել է ութ գոլ։ Ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Մարզել է հաջորդաբար Երևանի ՀՄԸՄ, << Փյունիկ >> և Բեյրութի ՀՄԸՄ թիմերը, իսկ 1996 – 97թթ․՝ ՀՀ ազգային հավաքականը։ Հովհաննիսյանների մարզական ընտանիքի երեք որդիների միջնեկն է Խորենը։ Մարզաշխարհի ներկայացուցիչներ են սպորտի վարպետ ծնողները։ Վաստակավոր մարզիչ հայրը ՝ Ժորան, Խորենի մոտ նկատում էր ծանրորդի լավ որակներ, իսկ սպորտային մարմնամարզուհի մայրը ՝ տիկին Վարսենիկը, ցանկանում էր որդուն տեսնել մարմնամարզությունում։ Բայց բակային ֆուտբոլի աստղ Խորիկը որոշեց գնալ ոչ թե ծանրամարտ ընտրած փոքր եղբոր, այլ ֆուտբոլ խաղացող ավագ եղբոր ուղին ու տասնամյա տղան դարձավ ֆուտբոլի հանրապետական դպրոցի մարզիչ Աշոտ Սարիբեկյանի սանը։ Ընտրության մասին իմանալով հայրը քմծիծաղելով ասաց, թե ոչինչ, որոշ ժամանակ հետո << գնդակ տշելուց >> կհոգնի որդին ու կբռնի << Սպարտակի >> ծանրամարտի դահլիճի ճանապարհը։ Շնորհալի պատանին արագ էր ընկալում մարզչի մատուցած ֆուտբոլային գաղտնիքները։ Հմտորեն էր կատարում տեխնիկական հնարքները և, շատերի համար անակնկալ, խելացի շարունակություն էր գտնում՝ գնդակը ճիշտ ժամանակին փոխանցելով ճիշտ տեղում գտնվող թիմակցին։ Հետագայի մասին վկայում են Հովհաննիսյան ֆուտբոլիստի նվաճումներն ու կոչումները։ Բազմաթիվ զրույցներ ենք ունեցել Խորենի հետ։ Իր մարզական կյանքում լավագույնն է համարում << Արարատում >> խաղացած տասը տարիները։ Իսկ վարպետության աստիճաններով նրան բարձրացրել են անձնական մարզիչը և մոսկվացի Վիկտոր Մասլովը, որը լիովին հայտնաբերեց Խորենի մոտ չբացահայտված ունակությունները։ Սպորտում կարևոր է համարում խաղային կարգապահությունը։ Ֆուտբոլը գեղեցիկ է կարգապահ վարպետի անսպասելի, ոչ ստանդարտ գործողություններով և հաճելի անակնկալներով։ Մի առիթով ասաց ՝ իր հուշերում անջնջելի է այն, որ կանաչ ասպարեզում խաղացել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մարադոնան, Զիկոն , Պլատինին , Բեկենբաուերը և մյուսները։ Իսկ խփած գոլերից ամենաարժեքավորը համարում է Իսպանիայում 1982թ․ կայացած աշխարհի առաջնությունում, Բելգիայի հետ խաղում, իր հաշվին գրանցած գոլը։ Հետաքրքիր է, որ խաղից առաջ թիմակիցներն ասել են, թե հենց Խորենն է դառնալու հաղթական գոլի հեղինակը, և չեն սխալվել։ Երևանցին գրեթե պառկած դրությունից է նպատակային հարվածով դարձել այդ հանդիպման միակ գոլի հեղինակը։ Ի դեպ, Արգենտինա – ԽՍՀՄ հավաքակաների երկու հանդիպումներում գրանցվել է մարտական ոչ – ոքի՝ 1 ։ 1։ Երկու դեպքում էլ խորհրդային թիմից գոլի հեղինակ է դարձել մեր պատվիրակը ՝ << ձախլիկ Խորենը >>։ Իսկ հիմա մի զավեշտի մասին։ 1983թ․ Եվրոպայի առաջնությունում, Պորտուգալիայի դեմ խաղում, երևանցու մոտ հայտնված գնդակը, ինչպես խոստովանում է հենց ինքը ՝ Խորենը, դարպասից բացի գնդակը գնալու ուրիշ ճանապարհ կարծես չի ունեցել։ Բայց, արի ու տես, որ անվանի վարպետը ․ ․ ․ վրիպել է։ Դա չափազանց թանկ է նստել ԽՍՀՄ հավաքականի վրա, որը չմտավ եզրափակիչ, իսկ գլխավոր մարզիչ, հեղինակավոր Վալերի Լոբանովսկուն ազատեցին պաշտոնից։ << Մոսկվա – 80 >> օլիմպիական մրցաշարի մասին։ Խաղերի մասնակից 16 թիմեր բաժանվել էին չորս ենթախմբի։ ԽՍՀՄ հավաքականը ընդհանուր 15 ։ 1 հաշվով հաղթանակ տոնեց Վենեսուելայի, Զամբիայի և Կուբայի ընտրանիների նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում համամիութենական թիմի առջև զենքերը վայր դրեց Քուվեյթի հավաքականը՝ 2 ։ 1։ Իսկ ահա կիսաեզրափակիչում, Գերմանիայի դեմոկրատական հանրապետության թիմի հետ խաղում, տարածքային բացահայատ առավելություն ունեցող խորհրդային ֆուտբոլիստները պարտվեցին ՝ 0 ։ 1։ Երրորդ տեղի համար ԽՍՀՄ – Հարավսլավիա մրցամարտը տեղի ունեցավ օգոստոսի մեկին։ << Դինամո >> ստադիոնի տրիբունաները լիովին ծանրաբեռնված էին մարզասերներով։ Առաջին կեսում գրոհում էին հյուրերը։ Այդ խաղակեսն ավարտվեց 0 ։ 0 հաշվով։ Ընդմիջումից հետո ասպարեզ ելած Վալերի Գազաևին փոխարինեց Խորեն Հովհաննիսյանը։ Նա նախ ՝ գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, դարձավ գոլի հեղինակ ու առաջ մղեց իր թիմին, ապա՝ գոլային փոխանցում կատարեց թիմակից Սերգեյ Անդրեևին / 2 ։ 0 / և դարձավ հանդիպման հերոսը։ Բրոնզե մեդալակիր խորհրդային ֆուտբոլիստների անունները հնչեցնելու ժամանակ տրիբունաները ամբողջ թափով սուլում էին, իսկ երբ հայտարարվեց Խորեն Հովհաննիսյանի անունը, ֆուտբոլասերները բուռն ու երկարատև ծափերով մեծարեցին հայ վարպետին և նրան կնքեցին Խորհրդային Միության Մարադոնա անունով։ Խորեն Հովհաննիսյանը շարունակեց իրենց մարզական ընտանիքի ավանդույթը։ Ամուսնացավ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի առաջատար Ջուլիետա Սարյանի հետ։ Հոր անունով կնքված որդին նույնպես լավ ֆուտբոլիստ դարձավ, իսկ դուստրը ՝ Էդիտան, գնաց մոր հետքերով, բայց ․ ․ ․ արհեստավարժ մարզուհի չդարձավ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր