հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում բնապահպանական խնդիրները համակարգային լուծում չեն ստանում. «Փաստ»

Հայաստանում բնապահպանական խնդիրները համակարգային լուծում չեն ստանում. «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, սակայն մեծամասամբ համակարգային լուծում չեն ստանում: Լուծումները կան, բայց գործընթացներն ընթանում են դանդաղ, մինչդեռ կան հարցեր, երբ հապաղելը կարող է շատ թանկ արժենալ բնության, նաև մարդկանց համար:


Իհարկե, ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սևանա լիճը, որն ամեն տարի ծաղկում է, լողալու համար դառնում է ոչ պիտանի, բայց ամենակարևորն՝ արդեն իսկ հնչեցվում է դրա ճահճացման ահազանգը:

Բնապահպանական կարևորագույն խնդիրներից հաջորդն, իհարկե, հանքարդյունաբերությունն է՝ անուշադրության մատնված պոչամբարներ, չգործող, բայց ռեկուլտիվացիայի չենթարկված հանքեր և այսպես շարունակ: Սրանք ոլորտի եզակի խնդիրները չեն, բայց թերևս ամենակարևորներից են:

Բնապահպան Կարինե Դանիել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ, որոնք հատկապես պետք է ուշադրության կենտրոնում պահել: «Գործողություններ արվում են, բայց դա շատ քիչ է: Հայաստանի փոքր տարածքում էկոլոգիական խնդիրները շատ կարևոր են, իսկ դրանց վրա ուշադրություն, կարծես թե, երբեք էլ չի դարձվել: Այս առումով խնդիրները կուտակվել են, խորացել. Սևանա լիճը՝ որպես պարզ օրինակ:

Այն, որ այսօր Սևանա լիճը ծաղկում է, ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հետևանք է՝ լճի մակարդակի իջեցում, աղտոտվածության աճ, ձկնային պաշարների կրճատում և այլն:

Իհարկե, հիմնականն աղտոտվածությանն ու մակարդակի իջեցման խնդիրն է, ինչի հետևանքով մենք արդեն ունենք ճահճացող Սևան, որը շատ լուրջ խնդիր է մեզ համար, բայց կարծում եմ, որ դրա գիտակցումը չկա:

Սրա մասին միշտ ենք խոսել, գրել, զգուշացրել: Ծրագրերը մշակված են դեռևս խորհրդային տարիներից:

Շատ քիչ բան է արվել: Մենք միշտ խոսում էինք վատագույն սցենարի մասին, որ եթե չարվեն կոնկրետ քայլեր, ապա կսկսվի լճի ճահճացումը, հիմա այդ սցենարի ականատեսն ենք:

Ամենակարևորն այն է, որ եթե այսպես շարունակվի, մենք Սևանա լճի ջուրը չենք կարող օգտագործել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ որևէ այլ նպատակով: Սևանը քիչ-քիչ կդադարի տուրիզմի կենտրոն լինելուց: Հակառակը՝ ջրերը իրար հետ կապված են, եթե Սևանը աղտոտվում է, ճահճանում է, դա ազդում է Հայաստանի գետերի վրա:

Սա Հայաստանի կորուստն է, բայց այդ գիտակցությունը չեմ տեսնում հատկապես ղեկավարության մոտ: Ես հետևյալ կերպ կվարվեի՝ կմիավորեի ժողովրդի, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի ջանքերը Սևանը փրկելու համար»,-ասում է Դանիելյանը:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք