հիմնական կայք
Լրահոս

Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովը բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ

Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովը բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ընդունվել է բանաձև։


«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մանուել Էդուարդո Կոնդե Օրելյանայի կողմից։ Վերջինս Գվատեմալայի քաղաքական կյանքում բավական ազդեցիկ գործիչ է հանդիսանում, նախագահել է 1996 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրի հաշտեցման հանձնաժողովը, ինչպես նաև զգալի դերակատարում է ունեցել Կոլումբիայում խաղաղության հաստատման գործում։ Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Տվյալ հանձնաժողովին տվյալներ են հասել այն իրավիճակի մասին, որին դիմակայում է Ադրբեջանին սահմանակից Հայաստանի հյուսիարևելյան Տավուշի շրջանի, մասնավորապես՝ Չինար, Մովսես և Այգեպար գյուղերի քաղաքացիական բնակչությունը, որտեղ հրետանային կրակը վնասել է բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ բնակիչների շրջանում անհանգստություն և վախեր առաջացնելով։

Տեղյակ ենք, որ լարվածությունը սկիզբ է առնում 90-ական թվականներից Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր ընդունած բանաձևերով կոչ է արել դադարեցնել պատերազմական գործողությունները և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ։

Մեր հասարակությունն ապրել է ավելի քան 36 տարի տևած ներքին զինված հակամարտության ծանր փորձը` թողնելով մարդկային կյանքերի անդառնալի կորուստներ, այրիներ, որբեր, հաշմանդամներ, վիրավորներ և զգալի վնաս հասցնելով մեր մասնավոր ու պետական ենթակառուցվածքներին, ծանրագույն գին և անվերականգնելի հնարավորություններ արժենալով մեր հասարակության բոլոր բնագավառների համար։

Խաղաղության և հաշտեցման մեր ձգտումն էր, որ մեզ թույլ տվեց նախաձեռնել քաղաքական և զինվորական բանակցությունների գործընթաց, որը 1996 թվականին վերջ դրեց ներքին զինված հակամարտությանը՝ ամուր և տևական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։Հանդիսանալով համաշխարհային մակարդակով խաղաղության հաստատման և պահպանման առաջամարտիկ պետություն, հաստատակամ և հարգալից կերպով կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի պատվելի խորհրդարաններին՝ իրենց համապատասխան երկրներում երկխոսության և խաղաղ բանակցությունների օգտին կամարտահայտման։ Բանակցություններ, որոնք սկիզբ են առել 1994 թվականից Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության մաս կազմող Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո, և որոնք թույլ տվեցին հասնել հակամարտող երկրների միջև հրադադարի հաստատմանը։

Վերջին իրադարձությունները մեզ պարտավորեցնում են պահանջել վերը նշված գոտում և գյուղերի հատվածում բնակվող քաղաքացիական բնակչության դեմ կրակի, պատերազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչպես նաև ռազմական ցանկացած՝ անհատական կամ տարածաշրջանի այլ պետության հետ համատեղ որևէ գործողության կամ քայլերի կատարման չեղարկում, որոնք կարող են վտանգել աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում խաղաղությունը և ներդաշնակությունը։

Գվատեմալան, որպես խաղաղասեր երկիր և մենք, որպես Հանրապետության Կոնգրեսի անդամներ, դիմում ենք ձեզ երկխոսության միջոցով երկարատև և ամուր խաղաղության հասնելու ուղիներ փնտրելու նպատակով՝ ի բարօրություն բոլորի։

Որպես հանձնաժողով առաջարկում ենք Հանրապետության պատվելի Կոնգրեսի լիագումար նիստին տեղեկացնել նշված բանաձևի բովանդակության մասին։»

Միաձայն որոշում է կայացվել ընդունված բանաձևն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին, ինչպես նաև այն ներկայացնել Կոնգրեսի լիագումար նիստի կողմից հաստատմանը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք