հիմնական կայք
Լրահոս

Բաքվում նշել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների նպատակները

Բաքվում նշել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների նպատակները Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները պլանային են և նպաստում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, ria.ru-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:


«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին և տարեկան պլանին համապատասխան: Այդ զորավարժությունները ծառայում են երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման և փորձի փոխանակման ուժեղացմանը և նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել է Աբդուլաևան:

Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ծրագրի համաձայն՝ ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները`հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք