211652_close_icon
views-count3026 դիտում article-date 17:33 27-07-2020

Մոսկվա-1980. Սիրվարդ Էմիրզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողի համար անձնական արխիվը ուսումնասիրելը հետաքրքիր զբաղմունք է: Սփյուռքում մեծ հարգանք վայելող << Հայրենիքի ձայն >> շաբաթաթերթի առաջարկով հոդված տպագրվեց անվանի ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանի մասին։ Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով։ << Աղջիկն ընդամենը 15 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր նվաճել ԽՍՀՄ աշտարակացատկի կրկնակի չեմպիոնուհու կոչումը, դառնալ Մոսկվայի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Լողավազանում հանդիպեցինք, զրուցեցինք Սիրվարդի հետ։ Ինչպե ՞ս ես, <<ջրահարս >>, հարցրինք․ - Սպորտում, ինչպես կյանքում, ամենադժվարը վերջինը լինելն է: Իսկ ճանաչված մարզիկ դառնալը և լավ է, և դժվար: Լավ է, երբ կանգնում ես պատվանդանին ու ժպտում: Հաղթել ես `լավ է , երբ ճանաչում են քեզ, շատ նամակներ են գրում : Աղջիկները երազում են ջրացատկորդ դառնալ, խորհուրդներ են հարցնում: Նրանք մտածում են, որ մարզուհի դառնալը հեշտ է: Իսկ դուք տեսեք իմ օրվա ռեժիմը: Առավոտյան վաղ ստիպված եմ արթնանալ, գնալ լողավազան կամ մարզադահլիճ, հետո` դասերի , երեկոյան նորից պարապմունքների: Իսկ ինչքան դժվար է սնվել իմ ռեժիմով: Պաղպաղակ, կարկանդակ չուտել, համարյա ոչ մի համեղ բան չի կարելի: Մեկ-մեկ, իհարկե, չեմ դիմանում ու փորձում եմ մայրիկի թխած կարկանդակը, բայց այ, այսքան, մի փոքրիկ կտոր: Նամակագիրների կարծիքով, մեծ սպորտը երկարատև ու շքեղ ուղևորությունների շարք է: Եվ, երևի, դրա մեջ ճշմարտություն էլ կա: Հո ամեն մեկին չի հաջողվի 15 տարեկանում աշխարհի կեսը ման գալ: Լավ, աշխարհի կեսը չէ, բայց որ երկրում էլ եղել եմ, քիչ բան եմ տեսել: Լողավազան, ավտոբուս, հյուրանոց: Այսպես ` ամենուրեք: Շատ կուզեի այդ տեղերը գնալ սովորական տուրիստի նման: Երբեմն ուզում եմ կտրվել այս բոլորից , ամեն ինչից կտրվել ու ամբողջ օրը թավալվել բազմոցին, բայց այդ ցանկությունն արագորեն անցնում է: Ես հիմա չեմ կարող առանց ջրացատկի: Այ, պատահում է հանգստի օրը , մի գործ եմ ձեռնարկում: Հետո երկրորդը, երրորդը , բայց վերջում ամեն ինչ թողնում եմ ու գալիս մարզադահլիճ: Սիրվարդը նայեց Վասիլի Կուվշինկինի կողմը, որ կանգնած էր պատուհանի մոտ ու ինչ –որ երեխայի ցույց էր տալիս հրվելու եղանակը: - Խիստ մարդ է, ուղղակի փշերի մեջ է պահում ինձ: Մի քանի ամսվա պարապող էի, որ ասաց. << Անցնում ենք բարդ ծրագրի : Բարձրանում ենք վեր >> : Ես վախեցա : Անկեղծ ասած` վախկոտ էի: Եվ Կուվշինկինն զգաց, թե ինչպես եմ վախենում բարձր ոստնակներից: Ինձ համար որքան քրտինք է թափել մարզիչս. . . - Ի՞նչ է պետք բարձր կարգի մարզիկ դառնալու համար: Երևի թե բարդ կոմբինացիաներ: - Ոչ միայն : Ընկեր Կուվշինկինը միշտ ասում է . << Ջրացատկը գնալով բարդանում է, բայց բարդությունը բարդության համար չպետք է լինի: Այն իսկական գեղեցկության հետ պետք է համակցել: Բարդ է կատարել գեղեցիկ, գեղեցիկը ` թեթև, թեթևը ` հիանալի: Այս իմաստով ինձ համար ամենալավ օրինակը Իրինա Կալինինան է, որ օլիմպիադայում , երեք մետրանոց աշատարակացատկում չեմպիոն դարձավ: Այ, նրա մեջ կա գեղեցիկի ու բարու ներդաշնակությունը: Հրաշալի է նաև Մարտինա Յաշկեն: Առաջ նրան միայն հեռուստացույցով էի տեսել, բայց մոսկովյան մարզահանդեսում մրցեցինք: Ծանոթացանք պատվանդանի վրա: Սիրվարդը ոտքերն անհանգիստ շարժեց, ու հիշեցինք օլիմպիական խաղերը: Մինչև եզրափակիչ փուլ նա ընթանում էր առջևում, հետո սխալվեց, ու դա ճակատագրական եղավ: Այսպես շատ է եղել: 1978 –ին նա նվաճեց դպրոցականների համամիութենական 15 –րդ սպարտակիադայի չեմպիոնի կոչումը: 79 –ի տարեսկզբին << Կոմսոմոլսկայա պրավդա >> թերթի մրցանակների խաղարկման միջազգային մրցաշարում դարձավ առաջին մրցանակակիր՝ ետ թողնելով աշխարհի 14 երկրների ջրացատկորդների։ Մի շաբաթ անց նույնը կրկնվեց Մինսկի միջազգայինում: Իսկ ահա ԽՍՀՄ ժողովուրդների 7 –րդ սպարտակիադայում գրավեց երրորդ տեղը: Սխալվեց: Հաջորդեց Եվրոպայի գավաթի խաղարկությունը, և նա կրկին երրորդն էր: 1980 թ. օլիմպիական տարին սկսեց հաղթանակով, բայց Թբիլիսիի ընտրական մրցաշարում , ջրացատկի Սովետական Միության առաջնությունում կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին, որը նրան իրավունք տվեց մասնակցել օլիմպիադային : Եվ ահա Մոսկվայում ` արծաթե ճախրանք: - Մարզիչս միշտ ասում է, մարզումային ծրագիրը պետք է ընդլայնել, իսկ ընդհանրապես, մարզիկի համար ամենակարևորը բնավորությունն է: Մենք նայեցինք դաստիարակի կողմը: Մեզ էին մոտեցել փոքրիկ աղջիկներ ու լսում էին: Սիրվարդը նրանց նայեց : Նրանց համար ինքը հեղինակություն է` չնայած ընդամենը 8 –րդ դասարանի աշակերտուհի է: - Ու՞մ ես ավելի շատ սիրում: - Մայրիկին: - Իսկ ի՞նչ է ասում մայրիկը,երբ վերադառնում ես մրցուղերթից: - Լավ է, որ եկար ,- ասում է, - տանն ես: Եվ որ կարևորն է ` առողջ ես . . . Մեզ մոտեցավ մարզիչը: Սիրվարդը ժպտաց. Այ , հիմա կասի. << Հերիք է նստես, Էմիրզյան, սկսում ենք ձախ ոտքից . . . >> : Կուվշինկինը մոտեցավ . << Սկսում ենք ձախ ոտքից , Էմիրզյան։ Մենք ժպտացինք >>: Կարծում ենք ներկայացրած հոդվածը որոշակի տեղեկություններ տվեց անվանի մարզուհու մասին : Թերևս արժե հավելել, որ շնորհալի աղջկա բարդագույն ցատկերը վեհություն էին ներշնչում նույնիսկ շատ բան տեսած մասնագետներին : Կարելի է պատկերացնել , թե որքան դժվար էր << ճեղքել >> ռուս ջրացատկորդների պատնեշը , քանիցս առաջինը ճանաչվել ու այդքանից հետո միայն հիմնական գրանցում ստանալ ԽՍՀՄ հավաքականում Երևանցի << ճախրող ծիծեռնակին >> անհրաժեշտ եղավ առաջինը ճանաչվել միջազգային տասնյակ մրցաշարերում, դառնալ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնուհի ու նոր միայն իր համար ապահովել մոսկովյան օլիմպիական խաղերի ուղեգիր: 14 –ամյա Սիրվարդն արդարացրեց սպասելիքները` դառնալով հայաստանցի միակ հայուհին, որ արժանացավ օլիմպիական արծաթե մեդալի: Մեկ տասնամյակ հետո ԽՍՀՄ –ը փլուզվեց, որի հետևանքով << ջրազրկվեցին >> լողավազանները: Երևանի պետական համալսարանում պատմաբանի որակավորում ստացած մարզուհին արդեն հրաժեշտ էր տվել սիրած բնագավառին : Համենայնդեպս, մեր հարցումներից պարզվեց, որ Սիրվարդը բնակություն է հաստատել ԱՄՆ –ում և զբաղվում է այլ գործով: Նրա զբաղմունքի մասին ոչինչ չգիտեն նաև մարզաշխարհի մեր ծանոթ ամերիկահայերը: Սիրվարդ Էմիրզյանը ծնվել է 1966թ․ Երևանում։ Հիմա նա 54 տարեկան է , բայց մեր հուշապատկերում մնացել է նույն ՝ 15-ամյա << ճախրող ծիծեռնակը>>։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր