հիմնական կայք
Լրահոս

Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը․ վարչապետը՝ Անտոնիո Գուտերեշին

Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը․ վարչապետը՝ Անտոնիո Գուտերեշին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին:


«Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին՝ վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս շրջանում ականատես ենք լինում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության իրարամերժ հայտարարությունների և գործողությունների։ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը: Տարիներ շարունակ հայերի նկատմամբ սփռած ատելությունն ու պատերազմի սպառնալիքը ստեղծել էին ռազմական գերազանցության պատրանք, որն այժմ հօդս է ցնդում: Մենք վստահ չենք՝ արդոք Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու և սադրիչ հռետորաբանությունը կանխելու կարողություն կամ ցանկություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և տվյալ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:

«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն մերժեն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք»,- ասել է ՀՀ առաջնորդը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով՝ ընդգծելով լարվածության թուլացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման կարևորությունը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք