211652_close_icon
views-count3906 դիտում article-date 22:20 18-07-2020

Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում. ՀՀ դեսպան

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունը հայտնեց Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։ Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր