211652_close_icon
views-count6794 դիտում article-date 18:45 11-07-2020

Արմեն Աշոտյան. Հայաստանի կրթական համակարգի ապազգայնացման ծրագիր է իրականացվում. Aravot.am

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է [url=https://www.aravot.am/2020/07/11/1122859/?fbclid=IwAR1nZ0vmmyMrvyiB2GXxnbanrrRpUDtKdbh076LC5XsOkXnmQ5k73qhl6eA]Aravot.am[/url]-ի հարցերին: – Որպես կրթության նախկին նախարար, ձեզ բավարարո՞ւմ են Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման այսօրվա մոտեցումները: – Բնական է, որ Հանրակրթության պետական չափորոշիչը որոշակի պարբերականությամբ պետք է վերանայել, որովհետև այդ ժամանակահատվածում փոխվում են ե՛ւ հասարակական, ե՛ւ տնտեսական մարտահրավերները: Հետևաբար բնական եմ համարում, որ 2010 թ. ընդունված չափորոշիչը վերանայելու անհրաժեշտություն կա: Մոտեցումների մեջ, սակայն, կարմիր գծով անցնում է երկու խիստ մտահոգիչ քաղաքականություն: Կարծում եմ, որ Հայաստանի կրթական համակարգն իր առաքելությամբ՝ բացի ժամանակակից լինելուց, պետք է լինի ազգային, որովհետև կրթությունը ինքնության պահպանման և վերարտադրման կարևորագույն գործիք է, կրթությունը միայն գիտելիքի և հմտության փոխանցման համար չէ: Կրթությունը նաև դաստիարակություն է, արժեհամակարգի ներմուծում, սերմնավորում: Այդ տեսակետից, ակնհայտ է, որ տվյալ չափորոշչով Հայաստանի կրթական համակարգի ապազգայնացման ծրագիր է իրականացվում: Ուսումնական հաստատություններին տրվող որոշակի ազատությունները կարող են դիտարկվել իբրև լավ քաղաքականություն, ստեղծարար կրթական գործընթացը խթանող, սակայն որպես նախարար, պաշտոնավարման իմ փորձից ասեմ, որ ես էլ լինելով ակադեմիական ազատությունների կողմնակից, համոզվեցի, որ թղթով կարող ես տալ շատ մեծ ազատություններ, սակայն խնդիրը թղթով տրված ազատությունները չեն, այլ այն, թե որքանով են տվյալ սուբյեկտը կամ սուբյեկտները պատրաստ այդ ազատություններից խելամիտ օգտվել: Փաստեմ, որ անգամ նախկինում տրված ազատություններն ամբողջությամբ չեն իրացվել կրթական համակարգի տարբեր սուբյեկտների կողմից: Հետևաբար, ազատություն՝ առանց պատասխանատվության բանաձևը հղի է կրթական համակարգում համակարգային քաոսի հետևանքներով: Եթե կարճ ձևակերպեմ՝ կրթական համակարգը պետք է տա կարևոր պրոդուկտ, այդ պրոդուկտը ժամանակակից հայն է, ոչ թե զուտ ժամանակիցը կամ միայն հայը, այլ ժամանակակից հայը: Այսինքն մրցունակությունից բացի, հայ երիտասարդությունը պետք է ունենա նաև կրթական համակարգով իր մեջ ձևավորված արժեհամակարգային ցուցիչների համախումբ: Կրթությունը չի կարող դիտարկվել որպես միայն աշխատուժ արտադրող գործիք: Կրթական համակարգի՝ չափից ավելի տեխնոկրատական, շուկայական ընկալումը հղի է կրթության համակարգի ապազգայնության խորացմամբ», ասել է Արմեն Աշոտյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2020/07/11/1122859/?fbclid=IwAR1nZ0vmmyMrvyiB2GXxnbanrrRpUDtKdbh076LC5XsOkXnmQ5k73qhl6eA]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր