211652_close_icon
views-count2103 դիտում article-date 09:23 09-07-2020

Արմեն Սարգսյանի առաջարկած տարբերակը կքննարկվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրային քննարկման կդրվի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է փոփոխությունների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի դեկտեմբերին, իսկ մինչ այդ էլ պետք է հանրային քննարկում տեղի ունենա: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս օրերին նաև քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի հանրային քննարկումը՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Մենք տեղեկացանք՝ այս պահին երկու տարբերակ է քննարկվում՝ կա՛մ հանրային քննարկումը կազմակերպել մի քանի փուլով տեսակապի միջոցով, կա՛մ բաց տարածության մեջ, որը մեծ կլինի, և հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը: Իսկ մինչ վերջնական որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները շարունակում են ինտենսիվորեն աշխատել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Ընդ որում, այս հանձնաժողովի անդամները ևս հեռավար են նիստեր անցկացնում: Նկատենք՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու կարևորության մասին հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հուլիսի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի, որքան հնարավոր է, շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձևակերպված լինի», – նշել էր Արմեն Սարգսյանը: Ավելին, վերջինս խոսել էր նաև Սահմանադրական դատարանի մասին և անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, և ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը», – նշել էր Արմեն Սարգսյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր