211652_close_icon
views-count2209 դիտում article-date 15:56 07-07-2020

Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին, որը ներկայացնում ենք ստորեւ: Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի եւ չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով: Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետեւաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձեւով կավելանա նաեւ այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասխան: Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսեւորումների: Ակնհայտ է նաեւ, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երեւույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երեւույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին: Հետեւանքներն էլ լինում են՝ պահպանվող էական ռիսկերը եւ պետական բյուջեից անօրինական ծախսերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից: Նորից հիշեցնեմ. մեկ անգամ եւ ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար: Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքով սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձեւավորված կառավարության առաջարկով: Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետեւողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլեւս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարեւոր գործընթացը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով: Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել եւ տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։ Ի դեպ, նաեւ այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ եւ աննախադեպ չափերի պարգեւատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով եւ հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը: ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով եւ այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ: Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը եւ դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը: Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո: Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարեւորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:

Նմանատիպ նյութեր