211652_close_icon
views-count2838 դիտում article-date 11:55 03-07-2020

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի հեռանկարները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Նմանատիպ նյութեր