211652_close_icon
views-count13379 դիտում article-date 17:46 01-07-2020

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել դրան». Արթուր Ջանիբեկյանը՝ համավարակի բերած փոփոխությունների, «Comedy-ի Արթուրը» մնալու և հայկական մշակույթին ծառայելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/07/01/janibekyan/3333304?fbclid=IwAR3Ruj_pM3-Z0l9RVpp9ELa9RljYUJVBc4rjjmh7w1FAaOB3_as2fIDTk6w]Tert.am[/url]-ը գրում է. «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն առցանց ռեժիմով ծավալուն հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային համավարակն ազդել իր հետ առնչություն ունեցող ոլորտների՝ հեռուստատեսության, հումորի, առցանց մեդիայի վրա: Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի («Էմմի») անդամ, տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն մեդիամենեջերների հնգյակում ներառվող Ջանիբեկյանը «Просто о сложном» հաղորդման շրջանակում նկատել է, որ վերջին երեք-չորս ամիսը շատ կարևոր են եղել թե՛ մեդիա ոլորտի, թե՛ դրա առաջարկած արտադրանքը սպառողների՝ հեռուստադիտողների համար: Մեդիամենեջերը հույս է հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման իրավիճակներ չեն կրկնվի՝ չնայած որ նման իրավիճակները մեդիաոլորտին տանում են որոշակի աճի ուղղությամբ: «Մարդկային սովորական լեզվով ասած՝ մարդիկ կարանտինի ընթացքում ինչ հնարավոր էր դիտեցին, քանի որ բոլորը բավականաչափ ազատ ժամանակ ունեին: Կոնտենտի ցանկացած տեսակ մեգապահանջարկ էր վայելում: Եվ այս պարագայում ես ևս բացառություն չեմ: Իմ աշխատանքային գրաֆիկը բաղկացած էր ZOOM հանդիպումներից և հեռախոսազանգերից, սակայն կար նաև ազատ ժամանակ դիտելու այն ամենը, ինչն առաջարկվում է ամբողջ աշխարհին»,-նշել է Ջանիբեկյանը՝ հավելելով, որ կարանտինի ընթացքում դիտել է առաջարկվող բոլոր պիլոտային նախագծերը, «Գահերի խաղ», «Միլիարդներ» հեռուստասերիալները, ռուսական կինոհիթերը, «Դեքսթեր»-ը: «Ինձ տպավորել են ոչ թե ինչ-որ կոնկրետ սերիալներ, այլ այն միտումները, որոնցից օգտվում է ռուսական կինոարդյունաբերությունն ու որոնք առաջարկում է ամերիկյանը»,-նշել է Ջանիբեկյանը: Նա նկատել է, որ ավելի շատ կցանկանար խոսել ոչ թե այն մասին, թե այս ընթացքում ինչ է դիտել, այլ այն գիտակցման, որ ամեն ինչ իրականում փոխվել է. խոսքն առաջարկվող մեդիակոնտենտի մասին է: Ջանիբեկյանի խոսքով՝ այժմ արտադրվում է սերիալների նոր տեսակ: Ըստ նրա՝ բովանդակային առումով էական փոփոխություններ չկան, սակայն «սթորի թելինգի» մեթոդը փոխվում է: Շևարդնաձեի դիտարկմանն առ այն, որ կարանտինի ընթացքում մեդիակոնտենտի սպառողների շրջանում տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, Ջանիբեկյանը նշել է, որ այդքան էլ համակարծիք չէ: «Չեմ կարծում, որ արժեքները փոխվել են, միգուցե մարդկության կյանքում տեղի են ունեցել կարևորագույն փոփոխություններ, որոնք կհանգեցնեն արժեքների փոփոխման, սակայն արժեքներն այդքան արագ չեն փոխվում: Փոխվում են միտումները, որոնք հանգեցնում են արժեքների փոփոխման: Այլ կերպ ասած՝ ներկայում արժեքներն առաջվանն են, ուղղակի դրանց մասին պատմելու մեթոդներն են փոխվել»,-ասել է Ջանիբեկյանը: Նրա համոզմամբ՝ ներկայում կոնտենտի ավելի մակերեսային սպառումն արդիական միտում է, որն արմատացել է հենց կարանտինի ընթացքում: Զրույցի ընթացքում Շևարդնաձեն նշել է, որ համավարակն արագացրել է «նոր էթիկայի» մուտքը Ռուսաստանը: Խոսքը նոր իրականության մասին է, որի վերաբերյալ Ջանիբեկյանն ասել է. «Իրականում ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց միշտ համարել են բարիկադների հակառակ կողմում գտնվող և որոնք առավելապես թելադրում են միտումները, այլ ոչ թե սպառում են դրանք: Ես այնպիսի մարդ եմ, որ աշխատանքի բերումով փորձում է նախևառաջ հասկանալ՝ ինչ միտում է ինքը թելադրում: Ցանկանում եմ հասկանալ՝ այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ և ընկերներիս, գործընկերներիս հետ տարբեր բաներ ենք ստեղծում, ինչ է անում, ինչ է առաջարկում, ինչպես է պատկերացնում այդ «նոր էթիկա» ասվածը և ինչ է այդ «նոր էթիկայի» շրջանակում առաջարկում հանրությանը»: Մեդիամենեջերի կարծիքով՝ «նոր էթիկայի» շրջանակում միտումները ձևավորում է «տեղեկատվական հանրությունը»: Նա նկատել է, որ 2007-2013թթ. ընթացքում աշխարհում տեղի է ունեցել երկու կարևորագույն իրադարձություն, որոնք շատ ուժեղ են ազդել մարդկության պատմության ընթացքի վրա: Խոսքը լայնաշերտ ինտերնետի ստեղծման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավելի քան երեք մլրդ սմարթֆոնի վաճառքի մասին է: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/01/janibekyan/3333304?fbclid=IwAR3Ruj_pM3-Z0l9RVpp9ELa9RljYUJVBc4rjjmh7w1FAaOB3_as2fIDTk6w]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր