հիմնական կայք
Լրահոս

«Արարատ-Արմենիայի» արկածները Եվրոպայում. Այսօր տեղի կունենա «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արարատ-Արմենիայի» արկածները Եվրոպայում. Այսօր տեղի կունենա «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2019թ. ամռանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» անմոռանալի զգացողություններ պարգևեց հայ ֆուտբոլասերին՝ հաղթահարելով 3 փուլ եվրագավաթներում և հասնելով որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ թիմին կես քայլ չբավարարեց Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար: Հայկական ֆուտբոլի համար այս աննախադեպ հաջողությունը, հաղթանակների էմոցիաներն ու հույզերը ընդմիշտ կմնան հայ երկրպագուների սրտում՝ շնորհիվ VNews Production-ի նկարահանած «Խաղի մեջ» դոկումենտալ ֆիլմի, որը միանգամայն այլ անկյունից է ներկայացնում թիմի եվրոպական արկածները:


1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ակումբի առօրյան է չափազանց լարված եվրագավաթային օրերին, երբ յուրաքանչյուր շաբաթ թիմը մտնում էր «Խաղի մեջ»՝ մրցակցելով եվրոպական տարբեր, մեծ ու փոքր ակումբների հետ՝ սկսած Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից մինչև Ջիբրալթարյան «Լինքոլն» կիսապրոֆեսիոնալ ակումբը: Ակումբի ճանապարհը անցավ նաև հարևան Վրաստանով, որտեղ սկզբունքային դիմակայություն ծավալվեց չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ, իսկ վերջին ակորդը չափազանց դրամատիկ վերջաբանով՝ լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ խաղն էր: Այս ամբողջ ընթացքում VNEWS-ի թիմը Արարատ-Արմենիայի հետ էր, ընդ որում՝ շատ մոտ, ստեղծագործական խմբին հնարավորություն էր տրվել նույնիսկ մտնել թիմի հանդերձարան և նկարահանել ամեն ինչ ամենալարված պահերին:

Բացի սկզբունքային 8 հանդիպումներից ֆիլմում տեղ են գտել նաև թիմի ֆուտբոլիստների ու մարզիչների պատմությունները, նրանց անցած ճանապարհը և դերակատարությունը թիմում: Հերոսների շարքում են հայ երիտասարդ ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը, որը խփեց «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին գնդակը Չեմպիոնների լիգայում, ռուս ֆուտբոլիստներ Դմիտրի Աբակումովը և Անտոն Կոբյալկոն, որոնք 3 տարբեր ակումբներում միմյանց հետ խաղալուց ու ընկերություն անելուց հետո արդեն հասուն տարիքում իրենց կարիերայում նոր, աննախադեպ արկածների մեջ են հայտնվում հայկական թիմի կազմում: Ֆիլմում առանձին տեղ է զբաղեցնում ճանաչված հայ մարզիչ Վարդան Մինասյանը իր մարզչական թիմով, ներկայացվում է նրանց աշխատանքի նրբությունները և ծավալը, նրանց ապրումներն ու զգացողությունները:

«Խաղի մեջ»-ը VNews Production-ի երկրորդ սպորտային ֆիլմն է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին ֆիլմից հետո: Ֆիլմի նկարահանմանը աջակցել է «Արարատ-Արմենիա» ակումբը, գլխավոր հովանավորը VBet ընկերությունն է:

Ֆիլմի օնլայն պրեմիերան կկայանա հունիսի 30-ին, 21:00-ին Վիվառո նյուզի յութուբյան էջում: Ֆիլմը սուբտիտրերով հասանելի է լինելու նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով:

Ֆիլմի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք