211652_close_icon
views-count2961 դիտում article-date 13:57 30-06-2020

Քաշաթաղում բնակարանաշինությունն ընթացքի մեջ է

Բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Քաշաթաղի շրջանում 2020 թ. կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ կարեւորություն է տալիս բնակարանաշինությանն ամբողջ երկրում։ Վերջերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ երկրի նախագահի հետ։ Քննարկվեցին շրջանի ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, այլ հարցեր։ Եվ դարձյալ կարեւորը բնակարանաշինությունն էր։ Ըստ Ա. Սարիբեկյանի՝ շրջանում ներկայումս բնակվում է 90-ից ավելի բազմազավակ ընտանիք։ Այս տարի 23 ընտանիքի բնակարանների շինարարության համար արդեն պատվիրված են նախագծեր, նախահաշիվներ։ 20-ի համար տեխնիկական պայմանները շուտով պատվիրվելու են։ Այս հարցի վերաբերյալ Ա. Հարությունյանը տեղեկացրեց՝ կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ 5 եւ 6 երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով։ Բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կառուցելու ծրագրով համայնքներում կատարվում է հողահատկացում, որոշվում են ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցերը։ Հունիսի 26-ին շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կարեն Դանիելյանի եւ աշխատակազմի գյուղվարչության պետի տեղակալ Հրայր Սարգսյանի հետ այցելեցի շրջանի հյուսիսային թեւի Հակի եւ Սոնասարի գյուղական համայնքներ, որտեղ բազմազավակ ընտանիքների համար նույնպես բնակելի տներ կկառուցվեն ընթացիկ տարում։ Հակում այս տարի 3 բազմազավակ ընտանիքի համար է նախատեսված տներ կառուցել։ Աղավնո գետի վերին հոսանքում ընկած Հակի գյուղական համայնքում ընդհանուր կա 27 ընտանիք՝ 100 բնակչով։ Համայնքի ղեկավար Վարդգես Բայաթյանը տեղեկացրեց՝ ունեն 5 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկի համար բնակելի տուն արդեն կառուցվել է։ Նշված ծրագրով 2 ընտանիքի (Վարգուհի Կոստանյան-Պավել Պետրոսյան եւ Նաիրա Մանուկյան) համար տարածք հատկացվել է։ Այցի օրը տարածք հատկացվեց Գեւորգ Ավագյան-Անի Թորոսյան ամուսինների ընտանիքին։ Հ. Սարգսյանը համայնքի ղեկավարի, ընտանիքի հոր հետ տեղում ծանոթացավ պայմաններին, կատարեց չափագրումներ։ Ընթացքում Կ. Դանիելյանը ճշտեց կառուցվող բնակելի տները խմելու ջրով ապահովելու եւ ջրահեռացման պայմանները, հնարավորությունները։ Սոնասար գյուղը Հոչանց գետի աջափնյա բարձրադիր վայրում է։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեխյանը տեղեկացրեց՝ գյուղում բնակվում է 18 ընտանիք՝ 84 շնչով։ Սամսոն Կյուրեխյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 17 աշակերտ։ Գյուղում անցած տարվանից գործում է մանկապարտեզ, որտեղ հաճախում են նաեւ հարեւան Մշենիի եւ Հոչանցի գյուղական համայնքների նախադպրոցական երեխաները, ընդհանուր՝ 15 հոգի։ Սոնասարի 4 բազմազավակ ընտանիքներից երեքն ունեն 5, մեկը՝ 6 երեխա։ Այս օրերին 6 երեխա ունեցող Արայիկ Խրշոյան-Ռիտա Հովսեփյան ամուսինների ընտանիքի համար գյուղի սկզբնամասում տուն է կառուցվում։ Շինարարությունը կատարվում է Դավիթ Առուշանյանի ղեկավարությամբ գործող բրիգադի կողմից։ Մեր այցի պահին շինարարները պատերն էին սվաղում։ Վարպետ Վաղինակ Ադամյանը տեղեկացրեց՝ Էրիկ Հովակիմյանի եւ Գոռ Հակոբջանյանի հետ 2-րդ օրն է, ինչ այս աշխատանքները կատարում են։ Եկել են Գորիսից։ Վարպետների մի մասն էլ կտուրի աշխատանքներն էին կատարում։ Աշնանը տունը պատրաստ կլինի։ Օրվա ընթացքում տարածք հատկացվեց Դավիթ եւ Քրիստինե Խաչատրյանների ընտանիքին։ Ունեն 4 դուստր եւ 1 որդի՝ Վարդանը։ Ընտանիքի բոլոր երեխաները դպրոցական են։ Ընտանիքը Քաշաթաղի շրջան է եկել Եղեգնաձորի Մալիշկա գյուղից՝ 2009 թ.։ Սկզբում բնակվել են Ներքին Սուսի գյուղական համայնքում, 2016-ից Սոնասարում են։ Գոհ են ամուսինները հատկացված տարածքի համար։ Այժմ բնակվում են ոչ հարմար բնակելի պայմաններում։ Հույս հայտնեցին՝ շուտով կսկսվի շինարարության գործընթացը։ Հակ եւ Սոնասար բնակավայրերն ունեն պատմական հարուստ անցյալ, հիշատակվում են 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ որպես Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ-Քաշաթաղ գավառի գյուղեր, որոնք հարկ են վճարել Տաթեւի վանքին։ Հայաթափումից հետո Սոնասարը 18-րդ դարակեսին, Հակը՝ 1918-ին բնակեցվել են քրդական ցեղերով։ Խորհրդային տարիներին արդեն Ադրբեջանի Լաչինի շրջան կոչվող վարչական տարածքում քանդվել են Հայոց եկեղեցիների մի մասը, հանգստարանները։ Երկու բնակավայրում էլ (նաեւ տարածքի մնացած պատմական գյուղերում) թուրքաշեն տների, այլ շինությունների պատերի մեջ ագուցված են հայկական խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների զարդաքանդակ քարերի բեկորներ։ Հակում պահպանվել է Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին՝ կառուցված 1673 թ.։ Սոնասարում, ըստ ականատեսների, մինչեւ 1930-ական թթ. կանգուն է եղել Հայոց եկեղեցին, սակայն հետագայում այն քանդվել է։ Կա բանավոր տեղեկություն, որ ինչ-որ թուրք եկեղեցու սյուները սայլով տեղափոխել է Շալուա գետի հովիտ։

Նմանատիպ նյութեր