211652_close_icon
views-count2262 դիտում article-date 12:50 30-06-2020

Կառավարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր է մշակել

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում Հայաստանում պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի ապահովման անհրաժեշտությունից դրված` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր» է մշակել: Նախագիծն այսօր հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում e-draft-ում: Նրանում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5% 2014 թվականի 48,7%-ի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250,0 – 330,0 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Տեղական ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել աշնանացան ցորենի արտադրության կազմակերպումը։ Կարգավորման նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։

Նմանատիպ նյութեր