211652_close_icon
views-count3086 դիտում article-date 23:40 29-06-2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է ավելի քան 100 երկրների կենսական նշանակության պարագաներ մատակարարել

Քանի որ աշխարհում կորոնավիրուսային համավարակի պատճառով միլիոնավոր երեխաների կյանքը տակնուվրա է եղել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պարագաներ է մատակարարում՝ չնայած ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով տրանսպորտային գործունեության և մատակարարումների շղթայում առաջացած աննախադեպ դժվարություններին և սահմանափակումներին։ «Ապրանքների պակասից մինչև տրանսպորտային գործունեության սահմանափակումներ,- կորոնավիրուսը հսկայական խոչընդոտներ է ստեղծել մեր մատակարարման գործունեության մասով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Այնուամենայնիվ, մեր գործընկերների աջակցությամբ մենք կարողացել ենք որոշ հրատապ կարիքներ բավարարել և երեխաներին ու համայնքներն անվտանգ պահել»: Առ այսօր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաքել է անհատական պաշտպանության պարագաներ ավելի քան 100 երկիր՝ աջակցելու համավարակի դեմ պայքարին, այդ թվում՝ 7.5 միլիոն վիրաբուժական դիմակներ, 2.8 միլիոն N95 շնչառական սարքեր, գրեթե 10 միլիոն ձեռնոց, ավելի քան 830 000 արտահագուստ և գրեթե 600 000 դեմքի վահանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև առաքել է ավելի քան 550 000 ախտորոշիչ թեստեր։ Եվս 912 000 նախատեսվում է առաքել մինչև օգոստոս ամիս, և ավելի քան 16 000 թթվածնի կոնցենտրատոր է ուղարկվելու ցածր և միջին եկամուտ ունեցող 90 երկիր: Առևտրային թռիչքների սահմանափակ լինելն, իր հերթին, լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ընթացիկ ծրագրերին ուղղված մատակարարումների հարցում: Նախկինում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ավելի քան 700 առաքում կիրականացներ: 2020 թվականի նույն ժամանակահատվածում 391 առաքում է իրականացվել, ինչը ընդհանուր թվի կեսից մի փոքր է ավել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը մատակարարումների մասով դրված է նախորդ տարվա ամուր հիմքի վրա։ 2019թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծառայությունների և ապրանքների գնումների մասով գրանցել է ռեկորդային՝ 3 826 մլրդ ԱՄՆ դոլարի ցուցանիշ, ինչը գրեթե 10 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդհանուր գնումների ավելի քան մեկ երրորդը պատվաստանյութերն են եղել՝ 1 656 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը կազմել է շուրջ 2.43 միլիարդ դեղաչափ՝ նախատեսված գրեթե 100 երկրի, իսկ աշխարհում՝ մինչև հինգ տարեկան երեխաների 45 տոկոսի համար: Ռազմավարական մոտեցումներ գործի դնելու արդյունքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև 35 տոկոսով գերազանցել է 2019 թ․ խնայողությունների մասով իր թիրախը՝ տարատեսակ ապրանքերի գնումներն իրականացնելիս խնայելով 363.3 մլն ԱՄՆ դոլար։ «Կառավարությունների, գործընկերների և մասնավոր հատվածի հետ մեր համագործակցությունը կենսական նշանակություն ունի երեխաներին իրենց անհրաժեշտ պարագաները մատակարարելու մեր գործունեության մեջ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման և գնումների գլխամասային գրասենյակի ղեկավար Էթլևա Քադիլին (Etleva Kadilli): «Համաշխարհային ցանցի և նորարարական մոտեցումների շնորհիվ մենք գործի ենք դնում մեր գնողունակությունը և զգալի խնայողություններ իրականացնում հօգուտ կառավարությունների և դոնորների: Քանի որ մենք միասին ենք պայքարում կորոնավիրուսային համավարակի դեմ, իսկ պետություններն էլ մեծածավալ գործողություններ են իրականացնում համավարակին արձագանքելու համար, այս մոտեցումն է՛լ ավելի կարևոր է դառնում յուրաքանչյուր դրամը ճիշտ ծախսելու գործում, որպեսզի կարողանանք պահպանել մեր ընթացիկ ծրագրերը»:

Նմանատիպ նյութեր