211652_close_icon
views-count3174 դիտում article-date 17:03 27-06-2020

Մթերման սեզոնին ընդառաջ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում: Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները: Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական ռեսուրսների պահպանման կարևորությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր