հիմնական կայք
Լրահոս

Կամերային կենտրոնը գեղեցիկ համերգով շնորհակալություն հայտնեց կյանքեր փրկող բուժաշխատողներին

Կամերային կենտրոնը գեղեցիկ համերգով շնորհակալություն հայտնեց կյանքեր փրկող բուժաշխատողներին Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:


ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, հունիսի 21-ին ներկայացված համերգին ելույթ ունեցան փոքր կազմերով։ Նման երախտիքի համերգի անցկացման գաղափարը ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանինն էր։ Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն էր հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար:

Ընդ որում՝ համերգը տեղի ունեցավ ոչ թե Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում, այլ պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն, պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։

Համերգին երաժշտախմբերը կատարեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվեց երախտիքի խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկների տեսանյութերով։

Հաշվի առնելով համերգի հետ կապված ջերմ արձագանքներն ու հաջողությունը՝ ԿԵԱԿ-ը խոստանում է գեղեցիկ ավանդույթ դարձնել բացօթյա համերգների կազմակերպումը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք