211652_close_icon
views-count38413 դիտում article-date 11:52 21-06-2020

Արթուր Գևորգյան․ Եթե Ջուլֆալակյանը կողմ է քվեարկել, ուրեմն թող Ծառուկյանից ստացած նվերները վերադարձնի. NEWS.am Sport

Եթե Արսեն Ջուլֆալակյանը համաձայնությունը տվել է եւ կողմ քվեարկել միջնորդություններին, ուրեմն թող բարի լինի, Գագիկ Ծառուկյանի կողմից բոլոր ստացած նվերները հետ վերադարձնի, արհամարհի: Այս մասին[url=https://sport.news.am/arm/news/112120/artur-gevorgyan%E2%80%A4-ete-julfalakyany-koxm-e-qvearkel-uremn-tox-tsarukyanic-stacats-nvernery-veradardzni.html?fbclid=IwAR1eFm9sodbhizCIldnhb7udeG6UKDTW_rEsDTuSPf4gN9Z5nfLyjSK5Gxw] NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը: [b]Պարոն Գեւորգյան, ստեղծված իրավիճակում մարզիկները չեն կարողանում զերծ մնալ միջամտությունից: Որքանո՞վ է ճիշտ մարզաշխարհի, մարզիկների միջնորդությունը քաղաքական հարցերում:[/b] Տեսանելի է, որ մարզիկները հնարավորինս փորձում են չլինել քաղաքականության մեջ, բայց այստեղ այդ դեպքը չէ, սա քաղաքականության մեջ խառնվել չէ, կամ մուտք գործել չէ: Խոսքը ՀԱՕԿ նախագահի մասին է: Թողնենք ՀԱՕԿ նախագահի ով լինելը, տեսակը, կերպարը, լավ, թե վատ կողմերը. բնական է, որ մարզիկներից շատերը կարող էին արձագանքել, իրենց աջակցությունը հայտնել: Այն, ինչ տեղի ունեցավ Ռոման Ամոյանի հետ, նույն հաջողությամբ կարող էր լինել այլ անվանի մարզիներ հետ, որոնք ցանկանային իրենց անհանգստությունը հայտնել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Դա չի նշանակում, որ իրենք դեմ են, կամ կողմ. իրենք անհանգստացած են ՀԱՕԿ նախագահի համար: Գագիկ Ծառուկյանը նրանց ավագ գործընկերն է, մարզական ղեկավարը, իհարկե, կարող են որպես նորմալ մարդ, տղամարդ, ունենալ անհանգստություններ: Եվ սա հիմք չի, որ այդ անհանգստության պատճառով այդպես խուլիգանավարի փորձեն մարզիկի հետ վարվել: Ռոման Ամոյանը միտինգ չէր անում: Նրա նկատմամբ մոտեցումն ի սկզբանե շատ տգեղ էր, խուլիգանավարի՝ «տարեք սրան», «պառկացրեք սրան», «երկու հոգով վեկալեք, տարեք»...10 հոգով չէիք կարողանում տեղաշարժել, այն դեպքում, երբ մարզիկն իրեն կոռեկտ էր պահում, նույնիսկ պահի տակ կասկածում՝ իրեն ասֆալտին փռողները հաստա՞տ ոստիկաններ են, որովհետեւ նրանց պահվածքը չէր խոսում ոստիկան լինելու մասին: Ռոման Ամոյանը բավականին ճանաչված եւ անվանի մարզիկ է եւ չեմ կարծում, որ նրան չէին ճանաչել, այն դեպքում, երբ կողքից էլ հուշում էին՝ ով է: Կարծում եմ՝ ինչ-որ տեղից ինֆորմացիա կար, որ Ամոյանը ՀԱՕԿ նախագահին նվիրված մարդ է, իր անհանգստությունն է հայտնել, որովհետեւ հենց նրա հայտնվելուն պես, ագրեսիվ հարձակում եղավ մարզիկի վրա: Հետաքրքիր է, եթե Ամոյանը միայնակ չլիներ, լինեին տասը լավագույններով, բոլոր անվանի մարզիկներով, նույն կե՞րպ էին վարվելու: Ի՞նչ պետք է անեին, ամբողջ գունդն էին հանելո՞ւ մարզիկների դեմ: Սա արդեն ժողովրդի դեմ չէր գործողությունը, այլ հերոսի դեմ: Ի՞նչ ենք ուզում ապացուցել, պայքար հերոսների դե՞մ: Ամոթ է, չի կարելի: Ապագա չունի այն երկիրը, որտեղ իր հերոսների հետ վարվում են նման կերպ: Ես կասկած չունեմ, որ եթե այնտեղ լիներ Արթուր Ալեքսանյանը, նույն կերպ կվարվեին նաեւ նրա հետ. որեւէ տարբերություն չէին դնի: Մինչեւ մարդու մեղքը ապացուցված չէ, նա անմեղ է եւ Ամոյանի անհանգստությունը, քայլը շատ ողջունելի էր, նորմալ: Չեմ կարծում, որ փորձ արվեր Ամոյանի հետ երկխոսության գնալ, նա ինչ-որ խնդիր ստեղծեր: Ուղղակի դիտավորյալ փորձ արվեց նրան հեղինակազրկել, ցույց տալ, որ ձեր հեղինակությունը մեր նոր Հայաստանում ոչ մի բան է: [b]Հայկական մարզաշխարհը լուռ է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ի՞նչն է լռության պատճառը:[/b] Լավ օրից չի: Այդ լռությունը չի խոսում ճիշտ, լավ Հայաստանի մասին, չի խոսում մարզիկների անկախ լինելու մասին: Ես կցանկանայի, որ իրենք արտահայտվեին՝ լավ, թե վատ: [b]Այսինքն՝ քաղաքական բուռն իրադարձությունների այս շրջանում մարզիկների արձագանքը կամ միջամտությունը ճի՞շտ եք համարում:[/b] Տեսեք, Ռոման Ամոյանը երբեք ինձ ընկեր չի եղել: Ոչ վաղ անցյալում Օլիմպիական կոմիտեն օգտագործել է նույն Ամոյանին, մի շարք մարզիկներին բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված խնդիրներում խառնակչություններ ստեղծելու համար: Ոչ մի դեպքում ես չեմ արդարացնում Գագիկ Ծառուկյանի գործողություններն իր գործունեության հետ կապված: Խոսքը վերաբերում է տվյալ էպիզոդին, որ մարզիկը ներկա է այնտեղ եւ իր անհանգստությունն է հայտնում: Մի շարք մեղքեր եւ սխալ գործելաոճ կարող է ունեցած լինի օլիմպիական կոմիտեի նախագահն, որի մասին ես արտահայտվել եմ, խոսել եմ: Այժմ դրանց մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ սովոր եմ, երբ մարդը ձիգ կանգնած է, այդ ժամանակ տվյալ մարդու հետ պայքարել, այլ ոչ թե, երբ բոլոր կողմերից հարձակվել են եւ նա ճոճում է: Ինձ էլ շատ բաներ դուրս չեն գալիս, շատ բաներ դուր չեն եկել: Լավ կլիներ, որ եթե ՀԱՕԿ նախագահը որոշել էր լուրջ քաղաքական հայտարարություններ անել՝ շատ կոշտ ձեւակերպումներով, ուրեմն պետք է մնար նույն դիրքի եւ ձեւի մեջ, այլ ոչ թե գնար Ազգային ժողովի ամբիոնը գրկեր եւ խնդրեր այնտեղից: Սա հակասական է եւ պատվաբեր չէ: Մանրամասներն՝ [url=https://sport.news.am/arm/news/112120/artur-gevorgyan%E2%80%A4-ete-julfalakyany-koxm-e-qvearkel-uremn-tox-tsarukyanic-stacats-nvernery-veradardzni.html?fbclid=IwAR1eFm9sodbhizCIldnhb7udeG6UKDTW_rEsDTuSPf4gN9Z5nfLyjSK5Gxw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր