211652_close_icon
views-count5512 դիտում article-date 22:36 08-06-2020

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը

Հունիսի 8-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը, այն կշարունակվի մինչև հունիսի 10-ը։ 18 ջութակահարներ երեք օրերի ընթացքում առցանց ձևաչափով կներկայանան ժյուրիին։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 12-ին և 13-ին։ Իսկ ահա հունիսի 15-ին տեղի կունենա երրորդ՝ եզրափակիչ փուլը, և կհայտարարվեն մրցանակակիրները։ Երաժշտական ստուգատեսի ամբողջ ընթացքին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական էջում՝ https://khachaturian-competition.com/։ Խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվում է առցանց՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունները։ Մրցույթն առցանց կազմակերպելու գաղափարը ծագեց, երբ պարզ դարձավ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ փակվում են սահմանները, ամբողջ աշխարհում կիրառվում են տեղաշարժի սահմանափակումներ։ Խաչատրյանական ստուգատեսի կազմակերպիչները «Կոդիկս» ընկերության հետ համագործակցությամբ շատ կարճ ժամանակում գտան մրցույթը հեռավար անցկացնելու լուծումները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների 15 հոգանոց թիմը և մրցույթի պատասխանատուները համագործակցաբար թվային աշխարհում ստեղծեցին այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն է տալիս ամեն ինչ տեղափոխել վիրտուալ աշխարհ։ Ստեղծված մի քանի հարթակները միավորվեցին Khachaturian International Competition բջջային հավելվածում, որը հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Ի դեպ‚ Խաչատրյանի անվան մրցույթը միջազգային մրցույթների շարքում առաջինն է, որ ստեղծել է հավելված։ Ինչպես նշում է մրցույթի գեղարվեստական պլանավորման ղեկավար Սարգիս Բալբաբյանը, յուրաքանչյուր մասնակից հավելվածում ունի իր հաշիվը, որի միջոցով ներբեռնում է իր կատարումը և հասանելի դարձնում այն ժյուրիի համար։ Ժյուրին ունկնդրում է ու գնահատում կատարումներն իր համար հատուկ ստեղծված տիրույթում։ Զուգահեռ կարող է միանալ նաև հանդիսատեսը մրցույթի կայքի միջոցով ու ուղիղ հեռարձակմամբ դիտել մրցույթը։ Ուշագրավ է, որ ջութակահարները, որոնք դուրս են մնացել մրցապայքարից‚ ցանկության դեպքում կկարողանան նաև կապ հաստատել ժյուրիի անդամների հետ և ստանալ իրենց ելույթների մեկնաբանությունները կամ ուղղակի խորհրդատվություն։ Մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Եվ համատեղ այդ ելույթը տարածության վրա կկազմակերպվի արհեստական բանականության շնորհիվ։ Առաջին անգամ դիրիժորը, մենակատարը և նվագախումբը կհանդիպեն հեռավար ֆորմատով։ Ուսումնասիրվել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ավելի քան հիսուն կատարում՝ այդպիսով ստանալով ջութակահարների կողմից կատարվող կոնցերտի բազմազան մեկնաբանություններ, որն էլ հարմարեցվում է արհեստական բանականության միջոցով։ Ըստ «Կոդիկս» ընկերության տնօրեն Նարինե Տեր-Ղևոնդյանի՝ իրենց թիմում կան մարդիկ, որոնք հասկանում են երաժշտությունից, իսկ մրցույթի կազմակերպիչների մեջ էլ շատ են տեխնոլոգիաներին մոտ կանգնած երաժիշտները, և այդ մարդկանց համագործակցությունն ու մեր մեծագույն հերոսներից մեկի՝ Արամ Խաչատրյանի անունը կրող միջոցառման անխափան աշխատանքն ու շարունակականությունն ապահովելու պարտավորությունն օգնեցին հեշտությամբ կյանքի կոչել մի գաղափար, որը նոր չափանիշներ է սահմանում միջազգային մրցույթների անցկացման տեսանկյունից։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ [b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր