211652_close_icon
views-count655 դիտում article-date 10:49 05-06-2020

«Առյուծների» վտանգն ու բամբասանքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Յուվալ Նոյ Հարարին բեսթսելեր դարձած իր հայտնի գրքում, ի թիվս շատ այլ հետաքրքիր տեղեկությունների, պատմում է, թե ինչպես է տասնյակ հազարավոր տարիներ առաջ homo sapiens տեսակի մոտ զարգացել լեզվամտածողությունը, և ինչով ենք մենք այդ առումով տարբերվում կենդանական աշխարհից: Կապիկը կարող է իր «ընկերներին» զգուշացնել՝ «ուշադրություն, մեզ առյուծ է մոտենում», բայց նա չի կարող մնացած կապիկներին պատմել, որ երեկ գետի մոտ առյուծ է տեսել, իսկ այնուհետև քննարկել, թե ինչ պետք է արվի այդ առյուծից խուսափելու համար: Նման զրույցները մեզ՝ մարդկանց, առանձնացնում են մնացած բնությունից: Բայց նույն գրքում ամենայն լրջությամբ քննարկվում է լեզվի առաջացման ևս մի վարկած, ըստ որի, դրա շարժիչ ուժը… բամբասանքն էր: Այսինքն՝ առանձնանալով բնաշխարհից, մեր նախապապերը հետաքրքրվել են ոչ այնքան իրենց շուրջը վազվզող առյուծներով ու բիզոններով, որքան նրանով, թե ով ում հետ է քնում, ով ում է ատում, ով է վստահելի անձնավորություն, իսկ ով՝ ստոր արարած, մի խոսքով՝ ով ում բարեկամն է կամ թշնամին: Մարդկային տեսակը զարգացում է ապրել քարե կացնից մինչև ատոմային ռումբ, քարանձավային հարմարանքներից մինչև սմարթֆոն, բիզոնի հում մսից մինչև նրբահամ խորտիկներ, վայրի գիշատիչներից մինչև մահաբեր կորոնավիրուս կամ կենսաբանական զենք, բայց մարդկային էությունը մնացել է նույնը: «Բիզոնները», որոնք պիտի բավարարեն մարդկանց տարրական պահանջները՝ պակասում են, մարդակեր «առյուծները» մահացու սպառնալիք են ներկայացնում, բայց մարդկանց շարունակում են հուզել ոչ թե այդ մարտահրավերները, այլ կողքինների իրական և երևակայական արատները, ինչպես նաև սեփական կրքերը: Այդ օրինաչափությունը գործում է գլոբալ, ազգային և անձնական մակարդակով: Այսօրվա դրամատիկ իրավիճակում Միացյալ նահանգների և Չինաստանի ներկայացուցիչները շարունակում են իրար մեղադրել կորոնավիրուսի տարածման համար, իսկ Ռուսաստանի ղեկավարին, հավանաբար, առանձնապես չի հետաքրքրում, որ իր երկրում օրական հարյուրավոր քաղաքացիներ են մահանում՝ նա մտածում է այն մասին, թե ինչպես անի, որ ևս մի 20-30 տարի «թագավորի»: Հեռուն չգնանք. հասկանալու համար, թե որքան են մարդիկ Հայաստանի ներքին կյանքում իրարից բամբասում, բավարար է բացել ֆեյսբուքյան ժապավենը: Ոչ մի բամբասանք անպատասխան չի մնում՝ իրար չսիրող մեր ցեղակիցներն իրենց պարտքն են համարում հակադարձել միմյանց՝ «բա ո՞նց կլինի՝ նրա խոսքը վերջինը լինի»: Կորոնավիրուսը շարունակում է մարդկային կյանքեր խլել, բայց կան, պարզվում է, շատ ավելի հետաքրքիր թեմաներ՝ ով ինչպես է ապրում և ով ում թայֆայից է: ․․․Եվս մի օրինաչափություն, որը գործում է առնվազն մի քանի հազար տարի: Այդ պատկառելի ժամանակահատվածում, չի եղել մի իշխանություն, սկսած ամենահին ցեղերի ամենաառաջին «վոժդերից», որը կխոստովաներ. «Այ, էս գործում ես թերացել եմ»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր