211652_close_icon
views-count896 դիտում article-date 10:25 04-06-2020

Հանրաքվեն չեղարկելու դրականն ու բացասականը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, Հրայր Թովմասյանին և ՍԴ մի շարք այլ «անհաճո» դատավորներին պաշտոնանկ անելու մասին հանրաքվեն չեղարկվեց: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական, հասարակական գործիչներ ու իրավաբաններ ասում են, որ խորհրդարանի այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը: Չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև, ինչպես արդեն գրել եմ, իրավականության մեջ կարելի է «նույն հաջողությամբ» ապացուցել տրամագծորեն հակադիր թեզերը: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից դա, ինձ թվում է, և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, որովհետև բացարձակապես արդարացված չէր նման հարցով հանրաքվեի անցկացումը և ընդհանրապես նման հարց բարձրացնելը. դա պարզապես «էմոցիոնալ պոռթկում» էր, որն առաջացել էր ՍԴ-ի՝ Քոչարյանի հարցով «իշխանության ականջը չշոյող» որոշմամբ: Լավ է, որ չի լինելու նման հանրաքվե և, համապատասխանաբար, չի կազմակերպվելու դրան նախորդող քարոզչություն, որի ընթացքում ներկա իշխանությունը կփորձեր «վառ պահել» նախկին իշխանության հանդեպ ժողովրդական զանգվածների ատելությունը: Ընդհանրապես, այս տարվա մարտին սկսված և, բարեբախտաբար, ընդհատված քարոզչությունն աչքի էր ընկնում մտավոր ոչ այնքան բարձր մակարդակով՝ ընդ որում, երկուստեք: Իշխանությունն ասում էր՝ եթե Հրայրը պաշտոնանկ չարվի, «նախկինները» կվերադառնան, ընդդիմությունն էլ պնդում էր՝ եթե ՍԴ-ի այս կազմը լուծարվի, իշխանությունը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Ինչ խոսք, կուռ տրամաբանություն է. ասա, թե ով է քո քարոզչության թիրախը, և ես կասեմ, ինչպիսին պիտի լինի այդ քարոզչության որակը: Հանրաքվեի չեղարկումը վատ է այնքանով, որ հիմա իշխանությունը կփորձի Հրայրի և մնացածների հարցը լուծել «ներքին կարգով»՝ խորհրդարանում քվեարկելու միջոցով: Այսինքն՝ «նախկինների» վերադարձի խիստ անհավանական տարբերակը քննարկվելու է ԱԺ պատերի ներսում, ընդդիմությունը դարձյալ կասի, որ որոշումը հակասահմանադրական է, իշխանությունը դարձյալ կպնդի, որ ընդդիմադիրները «նախկինների գործակալներն» են, դրանից հետո կմիացվի քվեարկության մեխանիզմը, որը միշտ, 1995 թվականից սկսած, աշխատում է մեծամասնության օգտին: Ինքնին ՍԴ այս կազմը ցրելու մեջ ես որևէ խնդիր չեմ տեսնում՝ գուցե իսկապես արժեր, որ ինքնակամ թոշակի գնային: Խնդիրն այլ տեղ է. շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ գումարման Ազգային ժողովի հաջորդ մեծամասնությունը դարձյալ կցանկանա փոխել ՍԴ կազմը, և, օգտվելով այսօր ընդունվող որոշումների կասկածելի օրինականությունից, դարձյալ կփոխի խաղի կանոնները: Դա վատ է՝ պետական ավանդույթներ չստեղծելու, ընդհանրապես՝ պետականության շարունակականության տեսանկյունից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր