211652_close_icon
views-count4244 դիտում article-date 14:02 31-05-2020

Կորոնավիրուսի այս խայտառակ ցուցանիշները սովորական թվեր չեն, սրանք ներկայիս կառավարության գործնեության իրական և օբյեկտիվ գնահատականն են․ Երվանդ Բոզոյան

[url=http://politeconomy.org/2020/05/31/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6-23-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%af%d5%b8%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5/]«Պոլիտէկոնոմիա» [/url]հետազոտական ինստիտուտը հրապարակել է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի դիտարկումները հետկոմունիստական երկրներում կորոնավիրուսի տարածման պատճառների և այդ համատեքստում ՀՀ-ի՝ «չեմպիոն» լինելու վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորև․ «Կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը վերլուծելիս կարելի է հետևյալ եզրահանգման գալ՝ նախկին հետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետևանքները ավելի մեղմ ազդեցություն ունեցան բնակչության վրա, քան ԽՍՀՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող արևմտյան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում մահացածության ցուցանիշները վերը նշված երկրներից մեծ են ավելի քան 10 անգամ: Ինչո՞վ է դա պայմանավորված, հետագա վերլուծությունների խնդիր է: Հնարավոր է, որ նախկին կոմունիստական երկրներում, այսպես կոչված, ԲՑԺ-ի դեմ պատվաստումներն էին դեր խաղացել: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ տվյալ երկրների քաղաքացիների իմունային համակարգի ամրությունը զգալիորեն տարբերվում է արևմտյան երկրներում ապրող քաղաքացիներից: Այստեղ իր դերը կարող էին ունենալ նաև առողջապահական համակարգերի կառավարման տարբերությունները: Հետկոմունիստական երկրներում գործում էր ավելի կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ սպասարկման որակը զգալիորեն ցածր էր արևմտյանից, սակայն ընդգրկման իմաստով ավելի զանգվածային էր, քան արևմտյան համակարգերը: Ինչևիցե, երբ փորձում են համեմատականներ անցկացնել այս կամ այն երկրում վիրուսի դեմ պայքարի ցուցանիշների միջև, պետք է այդ համեմատությունները համադրելի լինեն: Օրինակ, որև է ձևով չի կարելի համեմատել, ասենք, Ալբանիայի և Չինաստանի կամ Սլովակիայի և ԱՄՆ-ի ցուցանիշները: Սակայն, հետկոմունիստական երկրների ցուցանիշներն իրար հետ համեմատելը համադրելի է: Եվ այսպես վերլուծենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրված այդ երկրներում մայիսի 29-ի դրությամբ: Սկսենք Հայաստանից։ Մեզ մոտ այդ օրվա դրությամբ, վարակակիրների քանակը 1 մլն բնակչության հաշվարկով կազմում էր 2928 մարդ: Մահացածության ցուցանիշով 1 մլն-ի հաշվարկով մեզ մոտ թիվը կազմում էր 41 մարդ: Իսկ հիմա ներկայացնենք այլ երկրների տվյալ ցուցանիշները և փորձենք համեմատել մեր թվերի հետ: Ռուսաստանում այդ թվերն են՝ համապատասխանաբար 2656 և 30 Ուկրաինայում՝ 521 և 16 Լեհաստանում՝ 312 և 28 Ռումինիայում՝ 986 և 65 Սերբիայում՝ 1299 և 28 Չեխիայում՝ 859 և 30 Հունգարիայում՝ 398 և 54 Բուլղարիայում՝ 357 և 20 Խորվաթիայում՝ 547 և 25 Սլովակիայում՝ 278 և 5 Սլովենիայում՝ 705 և 52 Ալբանիայում՝ 382 և 11 Մոլդովայում՝ 1957 և 71 Էստոնիայում՝ 1401 և 51 Լիտվայում՝ 610 և 25 Լատվիայում՝ 564 և 13 Վրաստանում՝ 187 և 3 Ադրբեջանում՝ 492 և 6 Ղազախստանում՝ 530 և 2 Ղրղզստանում՝ 255 և 2 Տաջիկստանում՝ 387 և 5 Բելառուսում՝ 4314 և 24 Այսպիսով, կարելի է նկատել, որ վիրուսի տարածման իմաստով մենք ոչ պատվավոր երկրորդ տեղում ենք գտնվում՝ Բելառուսից հետո: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բելառուսը այն եզակի երկրներից էր, ով պաշտոնապես հրաժարվեց վիրուսի դեմ պայքարի կոշտ մեթոդներից, ապա կարելի է ասել, որ այս շարքում Հայաստանը զբաղեցնում է խայտառակ առաջին տեղը: Մահացածության ցուցանիշով մենք 23 երկրների շարքում 6-րդն ենք: Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ցուցանիշներով մենք պարտվել ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին՝ Վրաստանին և Ադրբեջանին, այլև հետկոմունիստական անցյալի բոլոր երկրներին՝ բացառությամբ Բելառուսի: Այս ցուցանիշները արձանագրելուց հետո այլևս հնարավոր չի լինի նշել, թե իբր Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» վարակը լայն թափով չտարածվեց: Ադրբեջանն, որ տարածաշրջանի մեր գլխավոր թշնամին է վիրուսի տարածվածության իմաստով մեզնից ավելի բարվոք վիճակում է գտնվում մոտ վեց անգամ: Իսկ մահածվածության ցուցանիշով, մեզնից բարվոք վիճակում է մոտ 7 անգամ: Այս խայտառակ ցուցանիշները սովորական թվեր չեն: Սա ներկայիս կառավարության գործնեության իրական և օբյեկտիվ գնահատականն է: Ավելին, վերը նշված երկրների ցանկում Հայաստանը իր զբոսաշրջիկների քանակով, օրինակ, անցյալ տարվա տվյալներով՝ կարող է հայտնվել վերջին տեղերից մեկում: Սակայն, արի ու տես, որ վիրուսի տարածման հարցում մենք դարձել ենք այս երկրների շարքում վատ իմաստով «չեմպիոն»: Թե ինչո՞ւ այդպես եղավ հարցադրման մասին շատ է խոսվել: Ունենալով բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները՝ այս իշխանությունները գրեթե ամեն ինչ արեցին, որ երկիրը հայտնվի նման ամոթալի վիճակի մեջ: Սակայն, այստեղ ավելի վտանգավորն այն է, որ ներկայիս իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանալու շտկել իրավիճակը: Եվ այստեղ, բացի էֆեկտիվ մենեջմենթի բացակայությունից, առկա է ավելի լուրջ խնդիր: Նման պայմաններում հանրությանը համախմբում են, մինչդեռ Փաշինյանը ճիշտ հակառակն է արել, անում և անելու է ապագայում: Փաշինյանի պատկերացմամբ՝ բացի իրենից, այլ քաղաքական սուբյեկտներ չկան և չեն էլ կարող լինել: Այդպես են ժամանակին մտածել Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին, Գամսախուրդիան, Ֆիդել Կաստրոն, Ուգո Չավեսը և այդպես շարունակ: Սա մտածողություն է, որը բնորոշ է ամբողջատիրական պատկերացում և միաժամանակ առաքելություն ունեցող բոլոր տեսակի առաջնորդներին: Այդպիսի մարդիկ քաղաքական սուբյեկտ են համարում միայն իրենց և ժողովրդին: Իսկ վերջինիս տակ հասկանում են բացառապես ամբոխին: Հենց դրա պատճառով է, օրինակ, որ Փաշինյանը նպատակահարմար է գտնում անձամբ բացատրել քաղաքացիներին, թե ինչպես պիտի դիմակը կրել երեսին: Այդ պատկերացմամբ է երկիրը հռչակվում «օջախ», իսկ նրա բնակիչները՝ «սիրելի և հպարտ քաղաքացիներ»: Փաշինյանի պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է «ժողովրդի վարչապետը» ունենալ ընդդիմություն: Ըստ Փաշինյանի՝ դա կնշանակի, որ այդ ընդդիմությունը փաստացի ընդդիմանում է ժողովրդին: Նա անկեղծորեն զարմանում է, թե ինչպե՞ս կարող են իրեն՝ «ժողովրդի վարչապետին» ընդդիմանան դատավորները, ԶԼՄ-ները, ԱԺ պատգամավորները: Եթե նրանք ընդդիմանում են, նշանակում է՝ նրանք «ընդդիմանում են ժողովրդին»: Իսկ եթե այդպես է, ապա նրանք իրականում ներկայացնում են «ռոբասերժական հանցավոր կլանի» շահերը: Այդ եզրույթից հետևում է, որ երկրում, նույնիսկ տեսականորեն, չի կարող լինել իսկական ընդդիմություն, քանզի դա կլինի «ընդդիմություն ժողովրդին»: Այդպես են ծնվում բոլոր տեսակի տոտալիտար ռեժիմները: Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը միայն սահմանադրորեն է կոչվում «ընդդիմություն»: Իրականում, ըստ Փաշինյանի, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի թաքնված միավորն է, իսկ ԼՀԿ-ն՝ Միքայել Մինասյանի: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժերն իրականում ժողովրդի հետ կապ չունեն և սպասարկում են վերը նշված «մաֆիայի» շահերը: ՀՅԴ-ն, ըստ Փաշինյանի, միջազգային հայկական մաֆիոզ կառույց է, որը ծառայում է տարատեսակ այլ երկրների շահերին, իսկ Հայաստանի ներսում ծառայում է «ռոբասերժական» մաֆիային: Հայ Առաքելական եկեղեցին նույնպես հայապահպանման կառույցի տակ, ըստ Փաշինյանի, իրենից ներկայացնում է «հոգևոր մաֆիա», որն իրական հոգևոր կյանքի հետ քիչ առնչություն ունի: Բացի այդ, ցանկացած տոտալիտար գործչի համար եկեղեցին միշտ վտանգավոր մրցակից է համարվում: Բոլշևիկները քանդում էին եկեղեցիները, գերմանացի նացիստները նսեմացնում էին հոգևորականներին՝ շատ հայտնի պատճառով: Ժողովուրդը պիտի ունենա հավատքի միայն մեկ պաշտամունքի առարկա, և դա պիտի լինի «ազգի առաջնորդը», «սիրելի վարչապետը» և նմանատիպ այլ մակդիրներով օժտված գործիչները: Տեր-Պետրոսյանի թիմը, ըստ Փաշինյանի, նույնպես «չարիքի բևեռ է», սակայն նրա մասին նա չի ուզում խոսել, ինչպես մարդն ունենում է հանցագործ եղբայր և ամաչում է դրա մասին խոսելուց հյուրերի մոտ՝ փորձելով նրան հնարավորինս հեռու պահել նրանց աչքից: Փաշինյանը նույնիսկ հանրության այն հատվածը, որն իրեն չի սիրում, համարում է «ռոբասերժական» ուժերի կողմից ծախված։ Նրանք, ովքեր ծանր վիճակում հայտնվելով՝ ստիպված են ծախվել նրանց: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, կա նաև հանրության մեջ մի «մոլորված» զանգված, որն իրեն չի հավատում բացառապես «ռոբասերժական» մաֆիայի ԶԼՄ-ների ազդեցության արդյունքում: Բայց այդքանով չի սահմանափակվում Փաշինյանի դասակարգումը: Ըստ նրա՝ երկրի պետական կառավարման համակարգը նույնպես թաքնված ձևով հակադրվում է իրեն՝ Փաշինյանին: Քանզի նրանք սովոր են եղել նախկինում կոռուպցիայով գործել, իսկ այսօր, երբ նրանց դա արգելվում է, փաստացի դարձել են իրեն՝ իսկական «ժողովրդի ընտրյալին» ընդդիմություն: Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Փաշինյանն իրեն հավասար գործընկեր չի համարում նույնիսկ իր քաղաքական ուժին: Այս պայմաններում ինչո՞ւ պիտի Փաշինյանը փորձեր համախմբել հանրությանը վիրուսի դեմ պայքարի համար: Փաշինյանն ինչպե՞ս կարող է համախմբման անկեղծ կոչով դիմել այն շրջանակներին, որոնց ոչ թե գործընկեր է համարում, այլ պոտենցիալ հանցագործ: Դրա պատճառով էլ նրա իրական քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե վիրուսի դեմ պայքարի խնդիրները, այլ իր պոտենցիալ հակառակորդների դեմ պայքարը: Մի՞թե պարզ չէ, որ երկրում հանրությունը բզկտված է մնալու, քանի դեռ երկրի կառավարիչը Փաշինյանն է: Եթե նույնիսկ Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին փոխարինենք աշխարհի հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր առողջապահական և կառավարչական մասնագետներով, միևնույն է երկիրը հումանիտար աղետից չի խուսափի: Քանզի, քաղաքագիտական աքսիոմ է՝ երբ երկիրը պառակտված է, արտաքին պատերազմների կամ բնական աղետների առաջ նա անխուսափելիորեն պարտվելու է»:

Նմանատիպ նյութեր