211652_close_icon
views-count1008 դիտում article-date 23:27 22-05-2020

Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտումների դեպքերը մտահոգիչ են. ՀՔԱՎ

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքում ՀՔԱՎ-ը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում» զեկույցի 1-ին մասը, որտեղ ամփոփվեց արտակարգ դրության պայմաններում ընդունված իրավական ակտերի՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ ՀՔԱՎ-ի իրավական գնահատականը։ Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանվածության վիճակին՝ 2020 թվականի մարտի 16-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ստացված աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքներին առնչվող ահազանգերի միջոցով բարձրաձայնված խնդիրների հիման վրա։ Զեկույցի երրորդ մասում ամփոփում ենք 2020 թ․-ի մարտի 16-ից մայիսի 16-ը ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով ՀՔԱՎ-ի ստացած ահազանգերը։ Այդ ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով մեզ են դիմել 8 քաղաքացիներ։ Ահազանգերի հիման վրա պետք է արձանագրենք, որ ոստիկանության շարքերում աշխատող որոշ պաշտոնատար անձինք, օգտվելով արտակարգ դրության պայմաններում օբյեկտիվ պատճառներով ոստիկանության լիազորությունների շրջանակի ընդլայնման հանգամանքից և չդիմանալով իրենց տրված «նոր գործիքակազմի գայթակղությանը», չարաշահում են լիազորությունների՝ ընձեռված լայն շրջանակը, որը դրսևորվում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով: Նման գործելակերպի շարունակման դեպքում ՀՀ ոստիկանությունը կարճ ժամանակում կարող է կորցնել հեղափոխությունից հետո ձեռք բերված հանրային վստահության մակարդակը: ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մշտական հսկողություն պետք է իրականացնի, անհրաժեշտ ցուցումներն ու վերապատրաստումները պետք է իրականացնի ոստիկանության աշխատակիցների համար՝ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հետ հարաբերվելիս մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սկզբունքներով ղեկավարվելու մոտեցումների, կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր